Մատչելիության հղումներ

Ընտրությունների նախաշեմին Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը ճաք տվեց


Արխիվ
Արխիվ

Թուրքիայում ընդդիմադիր «Ազգային դաշինք» ձևավորած վեց կուսակցություններից մեկը՝ «Լավ» կուսակցությունը լքում է դաշինքը։ Կուսակցության առաջնորդ, կին քաղաքական գործիչ Մերալ Աքշեները այսօր հայտարարեց, որ իր կուսակցությունը չի սատարում Ժողովրդա-հանրապետականների ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին՝ որպես ընդդիմության միասնական թեկնածուի առաջիկա նախագահական ընտրություններում։

«Այս պահին «Լավ» կուսակցությունը հայտնվել է դժվարին վիճակում, հարկադրված է ընտրություն կատարել մահվան և մալարիայի միջև։ Իհարկե, մենք չենք զիջի»,- լրագողներին ասել է նա իր կուսակցության անդամների հետ կայացած հանդիպումից հետո։

Նախօրեին վեց կուսակցությունների առաջնորդները հանդիպել էին՝ քննարկելով միասնական թեկնածուի հարցը և պայմանավորվել նրա անունը պաշտոնապես հայտարարել մարտի 6-ին՝ գալիք երկուշաբթի։

«Որպես Ազգային դաշինք ձևավորած քաղաքական կուսակցությունների առաջնորդներ՝ մենք ընդհանուր ըմբռնման ենք հասել խորհրդարանական և նախագահական ընտրություններին մեր միասնական նախագահի թեկնածուի և անցումային գործընթացի ճանապարհային քարտեզի վերաբերյալ», - նշված է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հրապարակած համատեղ հայտարարությունում։

Հանդիպումը հյուրընկալել էր այդ վեց քաղաքական ուժերից մեկի՝ «Երջանկություն» կոչվող կուսակցության ղեկավար Թեմել Կարամոլլաօղլուն։ Մասնակցել էին ընդդիմադիր հիմնական ուժի՝ Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները, Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության ղեկավար Ալի Բաբաքանը, Դեմոկրատ կուսակցության առաջնորդ Գյուլթեյն Ույսալը և «Ապագա» կոչվող կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Սակայն, այսօր Մերալ Աքշեները հայտարարեց, թե վեցնյակը երեկվանից կորցրել է իր որոշումներում ժողովրդի կամքը արտահայտելու ցանկությունը։

Նա հայտնել է, որ երեկվա հանդիպմանը հինգ կուսակցությունները առաջ են քաշել 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը, և ասել, թե այդ առաջրակը իր կուսակցության համար պարտադրանք էր։ Իր կուսակցությունը ցանկանում է, որ ընդդիմության կողմից միասնական թեկնածու առաջադրվի կամ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը։ Նրանք երկուսն էլ Քըլըչդարօղլուի Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամներ են:

Անկարայի քաղաքապետը վերջերս հայտարարել է, որ կենտրոնացած է Անկարայի վրա, թե ինչպես մայրաքաղաքը օգնի երկրաշարժից տուժածներին։ Իսկ Ստամբուլի քաղաքապետի առաջադրումը ռիսկի հետ է կապված, քանի որ իշխանությունների կողմից նրա դեմ հարուցված քրեական գործը դեռ ընթացքի մեջ է։

Մերալ Աքշեներն ասել է, որ իր կուսակցությունն առջարկել է Անկարայի քաղաքապետի, կամ Ստամբուլի քաղաքապետի թեկնածությունը, որոնք երկար ժամանակ Էրդողանից առաջ են, և դիմելով նրանց ասել է. «Մեր ժողովուրդը ձեզ պարտք կատարելու կոչ է անում»։

Նա ասել է, որ «Լավ» կուսակցությանն առաջարկել է նախագահի միասնական թեկածուին որոշել տվյալների հիման վրա և ռացիոնալ մեթոդով, սակայն «այդ առաջակը, ցավոք, մյուսների կողմից մերժվել է»:

Աքշեների հայտարարություններից քիչ անց Քլըչդաօղլուն լրագրողներին ասել է․ «Մի անհանգստացեք, բոլոր քարերը կընկնեն իրենց տեղը։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը»։

Երկու օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին, ինչպես նախատեսված էր։ Մինչ նրա հայտարարությունը իշխանական ճամբարում քննարկվում էր ընտրությունները հետաձգելու հնարավորությունը։ Պատճառաբանվում էր, որ աղետի լայն գոտում հնարավոր չէ կարճ ժամանակում ավարտել նախընտրական կազմակերպչական աշխատանքները, ճշգրիտ ընտրացուցակներ կազմել։ Կազմակերպչական աշխատանքներից բացի, Ռեջեփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը երկրաշարժի պատճառով ընկնելու մտավախություններ կան։ Ընդդիմությունը խստորեն քննադատում է իշխանություններին տարերային աղետին պատրաստ չլինելու, թույլ արձագանքելու, արտակարգ իրավիաճների ծառայության ղեկավար կազմում ոչ կոմպետենտ մարդկանց նշանակելու համար։

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով միայն Թուրքիայում շուրջ 45 հազար մարդ է զոհվել։ Աղետի գոտուց ավելի քան կես միլիոն բնակիչ է տարհանվել։

XS
SM
MD
LG