Մատչելիության հղումներ

Էրդողա՞ն, թե՞ Քըլըչդարօղլու. ով է առավել նախընտրելի տեղի հայ համայնքի համար


Նախագահի թեկնածուները
Նախագահի թեկնածուները

Էրդողա՞ն, թե՞ Քըլըչդարօղլու. ով է առավել նախընտրելի տեղի հայ համայնքի համար՝ կարծիքները տարբեր են։

Ստամբուլի «Ակոս» թերթի հայերեն բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը ասում է՝ Ռեջեպ Էրդողանին հավատարիմ կմնան համայնքի պահպանողական շրջանակները, բայց մեծամասնությունը ձայները կտա ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։

«Բռնակալի է վերածվել Էրդողանը։ Հայ համայնքը որոշ ժամանակ Էրդողանին հավանում էր, որովհետև նա այդ ժամանակ բոլորովին տարբեր դիմագծով էր ներկայանում հանրությանը՝ ավելի ժողովրդավարության, ավելի խոսքի ազատության պատգամներով, իսկ վերջին 7-8 տարիներին այս պատկերը բոլորովին շրջված է, ահագին մարդ իր կարծիքների կամ խոսքերի պատճառով ծանր մեղադրանքներով դատված և բանտարկված է։ Հազարավոր մարդկանց մասին եմ խոսում», - ասաց նա։

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը կարծում է՝ իշխանության կամ ընդդիմության թեկնածուին սատարելու հարցում համայնքում չկա միասնական տեսակետ. - «Համայնքը միշտ ունենում է այն առողջ կողմնորոշումը, որի հիման վրա ընտրություններից հետո ձևավորվելիք իշխանության հետ աշխատելու տեղը բաց է թողնում, որովհետև ընտրությունները վերջանում են, իսկ իշխանական մարմինների հետ աշխատանքը նոր է սկսվում»։

Ավելի քան 80 միլիոնանոց Թուրքիայում առնվազն 50-60 հազար հայ է ապրում։ Թե՛ Էստուկյանը, թե՛ Գոչունյանը փաստում են՝ նրանց ձայնը այս ընտրություններում չի կարող որոշիչ համարվել։

Նախագահական նախորդ երկու ընտրություններում Էրդողանը հաղթանակ է տարել առաջին իսկ փուլով։ Նախ վարչապետ, ապա նախագահ Էրդողանի ավելի քան 20-ամյա կառավարումը Թուրքիայում այժմ լրջորեն վտանգված է, Բագրատ Էստուկյանը հղում է անում հարցումներին։

Թուրքիայում վերջին 20 օրերին անցկացված 9 սոցհարցումներից միայն մեկի համաձայն է, որ Էրդողանը հաղթում է միասնական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլույին։ Ավելին, հարցումները վկայում են, որ մոտ տասը տարի նախագահող Էրդողանը կարող է պարտվել հենց առաջին փուլում։

Հայալեզու պարբերականների խմբագիրներն ասում են՝ Էրդողանի համար արդեն իսկ լուրջ սպառնալիք էին գնաճն ու տնտեսական ճգնաժամը, դրան գումարվեց աղետալի երկրաշարժը, որը պաշտոնական տվյալներով մոտ 50 հազար մարդու կյանք է խլել։ Բագրատ Էստուկյանի խոսքով՝ կառավարությունը քննադատվում է, քանի որ ուշացրեց օգնությունը. - «Շատ կարևոր էին առաջին երկու-երեք օրերը, և այդ օրերին պետությունը համարյա գոյություն չուներ տարածքի վրա»։

«Երկրի ներքին կամ արտաքին հանգամանքներով պայմանավորված՝ պատճառ դարձան, որ տվյալ պարագայում Թուրքիայի ընտրողները մոտավոր անցյալի համեմատ ավելի լուրջ դժվարությունների դիմակայեն, մասնավորապես տնտեսական կտրվածքով։ Այս հանգամանքը շատ ավելի իրատեսական է դարձնում ընդդիմության հաշիվները, որ ընտրությունից կարող է հաղթական դուրս գալ», - հավելեց Արա Գոչունյանը։

Անկախ նրանից էրդողանը կընտրվի, թե ընդդիմադիր Քըլըչդարօղլուն հայ-թուրքական կարգավորման հարցում թե Գոչունյանը, թե Էստուկյանը արմատական փոփոխություններ չեն ակնկալում։ Արա Գոչունյանի խոսքով՝ քանի դեռ համընկնում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, Անկարան եղբայրական երկրի հանդեպ վերաբերմունքը չի փոխելու։

«Թուրքիայում նախագահ Էրդողանի գլխավորած բլոկը եթե իշխանությունից գնա, ամենահավանականը հաջորդելու հնարավորություն ունեցող քաղաքական ուժն իր էությամբ շատ ավելի ազգայնական է, կարող է որոշ նրբերանգների գործածելու ոճի մեջ, բանակցությունների գծի մեջ որոշ փոփոխություններ լինեն, որոշ երանգներ ավելանան և այլն, բայց առանցքը չի փոխվի», - ասաց նա։

Բագրատ Էստուկյանը մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկար ընդհանրապես չի տեսնում, ասում է՝ կա մշակված պետական քաղաքականություն, որը Հայաստանի դեպքում կմնա անփոփոխ. - «Իլհամ Ալիևը շատ լուրջ սպառնալիք կարող է դառնալ Թուրքիայի վրա իր ունեցած ազդեցությամբ, Թուրքիայի մեջ կատարած ներդրումների հետևանքով մանավանդ»։

Մայիսի 14-ին Թուրքիան ոչ միայն նախագահ, այլև նոր խորհրդարան է ընտրելու։

XS
SM
MD
LG