Ստամբուլի Կադիկոյ թաղամասում հիմնականում միջին խավն է բնակվում։ Կրոնական ծոմից հետո մարդիկ այստեղ համբերատար սպասում են իրենց հերթին՝ անվճար սենդվիչ կամ ապուր ստանալու համար։
Կադիկոյի բնակիչ Ահմեդն ասում է՝ այս հերթը խորհրդանշում է այն բարդ ժամանակաշրջանը, որին բախվում են թուրքերը. - «Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այսքան մարդ սպասում այստեղ՝ սննդի մի փոքրիկ ծանրոցի համար։ Դժբախտաբար, ամեն ինչ շատ թանկ է՝ վարձերը, տնտեսությունը: Մարդիկ հոգնել են»։
Անվճար սնունդը տրամադրում է Ստամբուլի քաղաքապետարանը, որտեղ իշխում է ընդդիմությունը։ Թուրքիայում ընդդիմության վերահսկողության տակ գտնվող մյուս խոշոր քաղաքները նույնն են անում։
Մայիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիրներն ուշադրությունը հրավիրում են բարձր գնաճի վրա, որն այժմ 55 տոկոսից ավելի է։ Նրանք նախագահ Էրդողանին են մեղադրում իր ոչ-ավանդական քաղաքականության համար, երբ գնաճի վերահսկման տոկոսադրույքները ոչ թե կրճատվում են, այլ բարձրացվում։
«ԳլոբալՍորս Փարթներս»-ի վերլուծաբան Աթիլա Յեսիլադան ասում է. - «Սա կործանարար է, հարցումը հարցման հետևից մենք նկատում ենք՝ մասնակիցների 80 տոկոսից ավելին բողոքում է տնտեսական վիճակից։ 80 տոկոսը կարծում է՝ վիճակն է՛լ ավելի է վատացել վերջին 12 ամիսների ընթացքում, իսկ 60 տոկոսը կարծում է՝ այն ավելի կվատանա առաջիկա 12 ամիսների ընթացքում»։
Քաղաքի շուկայում տեղի առևտրականները փորձում են վաճառել իրենց մթերքը։ Շատերը բողոքում են հաճախորդների պակասից և ասում, որ հազիվ են գոյատևում.
«Անցած տարվա համեմատ կա 100-տոկոսանոց գնաճ, նույնիսկ ավելի, հատկապես կենդանիների կերերի դեպքում։ Դրանք կրկնապատկվել են, և մենք մեծ դժվարություն ունենք ձու արտադրելու ու վաճառելու հարցում։ Նույն պատկերն է նաև կաթնամթերքի դեպքում։ Շատ թանկ է», - ասում է առևտրականներից մեկը:
«Գազը թանկացել է 100 տոկոսով, հենց վարձակալեցինք մեր հողը, գները կտրուկ աճեցին։ Աշխատողի դրույքաչափը 150 թուրքական լիրա էր, հիմա հասել է 400-ի», - ընդգծում է մյուսը:
Էրդողանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը տարիներ շարունակ տնտեսական աննախադեպ աճն էր և դրա հետ մեկտեղ՝ հզոր հավատացյալ միջին խավի ստեղծումը։ Վերլուծաբանների կարծիքով՝ այդ խավի ներկայացուցիչները մշտապես մտահոգվում էին, որ կկորցնեն իրենց առավելությունները, եթե Էրդողանը պարտվի ավելի աշխարհիկ ուժերի։ Ահագնացող գնաճը կարող է փոխել այս քաղաքական հավասարությունը։
«Պանորամատր Րիսըրչ» ընկերության տնօրեն Օսման Սերտն ասում է.
- «Տնտեսական ճգնաժամն ազդում է բոլոր հատվածների, բոլոր մարդկանց վրա, և այդ պատճառով սա միայն թուլացում է, բևեռացման ազդեցության թուլացում, քանի որ և՛ պահպանողականները, և՛ աշխարհիկները, և՛ մնացած բոլորը գնաճից, տնտեսական ճգնաժամից գրեթե հավասարապես են տուժում»։
Էրդողանն այժմ փորձում է փոխել օրակարգը։ Օրերս Թուրքիայում առաջին ավիակիրը շահագործման հանձնելիս նա ընդգծել է, թե երկիրը տարածաշրջանային տերություն է դարձրել, այսպիսով փորձելով վստահություն ներշնչել իր ազգայնական, հավատացյալ ընտրազանգվածին։ Արդյոք այս ընտրազանգվածը հավատարի՞մ կմնա նրան, թե՞՝ ոչ, պարզ կդառնա հաջորդ ամիս կայանալիք քվեարկությունից հետո։