Ֆինլանդիան երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Վաղը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում առաջին անգամ կբարձրացվի Ֆինլանդիայի դրոշը։ Դա լավ նորություն է Ֆինլանդիայի, Հյուսիսային Եվրոպայի պետությունների, մեր ողջ դաշինքի համար», - հայտարարել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունն «ավելի անվտանգ կդարձնի նաև հարևան Շվեդիան»։
Ֆինլանդիայի անդամակցության ճանապարհին վերջին խոչընդոտները հաղթահարվեցին անցած շաբաթավերջին, երբ Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց այս երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության մասին համաձայնագիրը։
Ի տարբերություն Ֆինլանդիայի, Շվեդիայի անդամակցության հարցում, Անկարայի առարկությունները շարունակում են ուժի մեջ մնալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոկհոլմը պատրաստ չէ կատարել Անկարայի բոլոր պայմաններըԹուրքական կառավարությունը պնդում է, որ Ստոկհոլմը չի կատարել անցած տարի Մադրիդում կնքված հուշագրով ստանձնած պարտավորությունները։ Դրանով Շվեդիան պարտավորվում էր արտահանձնել իր տարածքում գտնվող և ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացիներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային 33 մարդու արտահանձնելու պահանջ է ներկայացրել