Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը հաստատեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը


Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը։

Այսպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր պետությունները վավերացրել են Հելսինկիի դիմումը։ Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Թուրքիան և Հունգարիան դաշինքի անդամ միակ երկրներն էին, որոնք երկար ժամանակ հավանություն չէին տալիս ՆԱՏՕ-ին անդամակցելու Հելսինկիի հայտին։

Այս շաբաթվա սկզբին Հունգարիայի խորհրդարանը վավերացրեց Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2022 թվականի հուլիսի 5-ին էին ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու արձանագրությունները։ Թուրքիան, սակայն, արգելափակեց անդամակցության գործընթացը՝ երկու սկանդինավյան երկրներից պահանջելով քրդական կազմակերպություններն ահաբեկչական ճանաչել, արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվողներին և չեղարկել Անկարային զենքի արգելքը։

Սակայն մարտի սկզբին Անկարան հայտարարեց, որ պատրաստ է վավերացնել Ֆինլանդիայի թեկնածությունը մայիսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։

Շվեդիայի հարցում Թուրքիան շարունակում է առարկություններ ունենալ։

XS
SM
MD
LG