Մատչելիության հղումներ

Ստոկհոլմը պատրաստ չէ կատարել Անկարայի բոլոր պայմանները


Ստոկհոլմը պատրաստ չէ կատարել Անկարայի բոլոր պայմանները, որոնք թուրքական իշխանություններն առաջ են քաշում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը հաստատելու դիմաց։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը պնդել է՝ իր երկիրն արդեն ամեն ինչ արել է թուրքական կողմի մտահոգությունները բավարարելու համար։

«Թուրքիան հաստատում է, որ մենք արդեն կատարել ենք այն պայմանները, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, բայց միևնույն ժամանակ ասում է, որ ավելին է ցանկանում, այն ինչը մենք չեն կարող կամ չենք ցանկանում կատարել», - ասել է Քրիստերսոնը։

Թե ինչ պահանջների մասին է խոսքը, Շվեդիայի առաջնորդը չի հստակեցրել, փոխարենը վստահություն է հայտնել, որ իր գլխավորած նորընտիր կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող այդ հարցին Թուրքիան ի վերջո կտա անհրաժեշտ համաձայնությունը։

Ռուսաստանի հարևաններ Շվեդիան և Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցելու գործընթաց են սկսել Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո։ Սկանդինավյան զույգի անդամակցության հայտը հաստատել են դաշինքի 30 անդամներից 28-ը։

Հունգարիայի խորհրդարանը խոստանում է փաստաթուղթը վավերացնել առաջիկա շաբաթներին, Թուրքիան մինչդեռ նույնը անել չի շտապում, թեև Վաշինգտոնի գլխավորած ռազմական դաշինքում համոզված են, որ Եվրամիության զարգացած այդ պետության մուտքը էլ ավելի կամրապնդի կառույցը։

Ի սկզբանե բախվելով դաշինքի հիմնադիր անդամներից Անկարայի հակազդեցությանը՝ երկու հյուսիսեվրոպական պետությունները Թուրքիայի հետ եռակողմ հուշագիր են ստորագրել՝ խոստանալով օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում, վերացնել զենքի մատակարարման ավելի վաղ սահմանված արգելքը քննարկել մի խումբ քուրդ ակտիվիստների արտահանձնումը։

Շվեդիայում ապաստանած երբեմնի ամենաազդեցիկ թուրքական թերթերից մեկի՝ Zaman-ի նախկին խմբագիր Բյուլենթ Կենեշի արտահանձնումը նախագահ Էրդողանը անձամբ էր պահանջել։ Դեկտեմբերին Շվեդիայի գերագույն դատարանը, սակայն, արգելափակել է լրագրողի արտահանձնումը՝ մատնանշելով մի շարք խոչընդոտներ, մասնավորաբար՝ «ներկայացված մեղադրանքների քաղաքական բնույթը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Կենեշին Շվեդիայում փախստականի կարգավիճակ է շնորհվել»։

Մինչ այդ Ստոկհոլմն արդեն մի շարք զիջումների է գնացել․ վերացրել է Թուրքիա զենքի արտահանման էմբարգոն, նաև Անկարային է արտահանձնել ազգությամբ քուրդ Մահմուդ Թաթին, որին թուրքական իշխանությունները մեղադրում են Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու համար։

Նախօրեին շվեդական ռազմական համաժողովում ելույթ ունենալով վարչապետ Քրիստերսոնն ընդգծել է՝ Ստոկհոլմը կատարում է անցած հուլիսին ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն արտահանձնման գործընթացը ոչ թե կառավարության, այլ դատարանի իրավասության դաշտում է և իշխանությունները չեն կարող միջամտել։ Անկարան Ստոկհոլմից հնչող այս հայտարարություններին առ այժմ չի արձագանքել։

Հարցումները վկայում են, որ շվեդները դեմ են զիջումներին. անցած շաբաթ Dagens Nyheter օրաթերթի համար անցկացված հարցման արդյունքներով շվեդների 79 տոկոսը պնդել է, որ Ստոկհոլմը պետք է հանդես գա օրենքի գերակայության օգտին, նույնիսկ եթե երկիրը ստիպված լինի ավելի երկար սպասել ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Շվեդական ռազմական համաժողովին մասնակցող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը դեռ ամիսներ առաջ էր վստահեցնում, որ Անկարան շուտով կանաչ լույս կվառի սկանդինավյան երկրների դաշինքին անդամակցելու ճանապարհին, երեկ դժվարացավ հստակ ժամկետներ նշել։

«Ես ակնկալում եմ, բայց չեմ կարող հստակ ժամկետ երաշխավորել, քանի որ ի վերջո դա պետք է լինի Թուրքիայի և, ըստ էության, Հունգարիայի խորհրդարանների ինքնիշխան որոշումը: Կա երկու խորհրդարան, որոնք դեռ չեն վավերացրել դիմումները: Բայց ես հույս ունեմ, և կշարունակեմ աշխատել այս երկու խորհրդարաններում վավերացման ուղղությամբ», - նշել է Ստոլտենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG