Մատչելիության հղումներ

Էրդողանն իր համաձայնությունն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը վավերացնելու հարցով


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտի՝ Անկարայի կողմից վավերացնելու գործընթացը սկսելու մասին։

«Թուրքիան սկսում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ֆինլանդիայի հայտի հաստատման գործընթացը։ Հարցը կքննարկվի թուրքական խորհրդարանում», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի առաջնորդը շեշտել է, որ ֆիննական կողմը կատարել է ստանձնած պարտավորությունների մի մասը, և Անկարան պատճառ չի տեսնում վավերացման գործընթացը հետաձգելու համար։

Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցելու գործընթաց է սկսել հարևան Շվեդիայի հետ միասին՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո։ Սկանդինավյան զույգի անդամակցության հայտը հաստատել են դաշինքի 30 անդամներից 28-ը։

Հունգարիայի խորհրդարանը խոստանում է փաստաթուղթը վավերացնել առաջիկա շաբաթներին, Թուրքիան, սակայն, Շվեդիային մի շարք պահանջներ է առաջ քաշել, այդ թվում՝ Էրդողանի վարչակազմի ընդդիմախոսների արտահանձնում:

XS
SM
MD
LG