Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակչության վերադարձի համար Հայաստանի վարչապետն Արտգործնախարարությանը հանձնարարել է պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ։
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց տեղահանված հայերի վերադարձի միջազգային մեխանիզմի գործարկման անհրաժեշտությունը։ Շեշտեց՝ այդ մասին նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում է արձանագրված։ 44-օրյա պատերազմից ավելի քան 2 տարի անց եռակողմ հայտարարության նաև այս կետն իրականություն չի դարձել։
«Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմները պետք է գործարկվեն», - հայտարարեց վարչապետը:
Փաշինյանն ասաց նաև, թե Ադրբեջանի տարբեր քաղաքներից, շրջաններից տեղահանված հայեր դիմում են պետական մարմիններին ու խնդրում նաև իրենց վերադարձի հարցը բարձրացնել։ Նշեց, որ եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների փախստականներին, ներքին տեղահանվածներին։
«Բայց սա, իհարկե, խոչընդոտ չէ, որ Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբաթի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները ինքնակազմակերպվեն և իրենց գույքային, վերադարձի և այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Հայաստանի իշխանությունների այս քայլը հաջորդում է Բաքվից հնչող նմանատիպ պահանջին։ Վերջերս այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին խնդրել էր աջակցել Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին։ Ադրբեջանցի փախստականներին միավորող ու Ադրբեջանի կառավարության հովանավորչությունը վայելող կազմակերպությունն իր գործունեության մասին պաշտոնապես հայտարարել է անցած տարվա օգոստոսին, ամիսներ անց էլ հյուրընկալել երկրի նախագահին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն մտադիր է միջազգայնացնել «Արևմտյան Ադրբեջանի» և տեղահանվածների վերադարձի հարցըՆույն այդ հանդիպմանը Ալիևը հայտարարել էր կազմակերպության գործունեությանն իր անվերապահ աջակցության մասին։ Իլհամ Ալիևն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին այսօր էլ է հիշել Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում։ Նա դարձյալ պնդել է, թե Հայաստանում ադրբեջանցիները էթնիկ զտման են ենթարկվել:
«Համաձայն «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կողմից մշակված վերադարձի հայեցակարգի՝ ներկայիս Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիներին հայրենի հողեր վերադարձնելու համար պետք է հասնել իրավաբանորեն պարտադիր միջազգային համաձայնագրի՝ համապատասխան վավերացումներով և երաշխիքային մեխանիզմներով», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն էլ ապահովելու է Ղարաբաղում ապրող հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, պնդելով, թե նույն սկզբունքով Հայաստանը պետք է առաջնորդվի։
Մինչ Բաքվից նման՝ հերթական խոստումներ են հնչում, Երևանն ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով այսօր ևս բարձրաձայնեց, որ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստումներ է տեսնում։ Անդրադառնալով ավելի քան 3 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախին, կառավարության նիստում Փաշինյանն այսօր անհետաձգելի համարեց ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:
«Խոսքը, մասնավորապես, Միացյալ ազգերի կազմակերպության շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է: Այս մասին Արտաքին գործերի նախարարությանը տվել եմ համապատասխան հանձնարարականներ», - նշեց Փաշինյանը:
Վարչապետն ասաց նաև՝ եթե Ռուսաստանը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի մասին։
«Եվ սա թույլ չտալու համար Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին», - ընդգծեց վարչապետը:
Իսկ արդյո՞ք Արևմուտքի հետ չափազանց լարված հարաբերություններ ունեցող Մոսկվան պատրաստ է այդ քայլին, Փաշինյանն այս անգամ էլ չհստակեցրեց:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանական քարոզչությունը լրատվական ֆոն է ստեղծում լայնածավալ հարձակման համար և լարվածության միտումները տեսանելի են տեղում։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը վերջին շրջանում հաղորդագրություններ է տարածում, թե հայկական կողմերը խախտել են հրադադարի ռեժիմը, այս պնդումները Երևանն ու Ստեփանակերտը պարբերաբար հերքում են՝ իրենց հերթին հաղորդելով ադրբեջանական կրակոցների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին հաղորդում է կրակոցների մասին, Երևանը և Ստեփանակերտը հերքում են