Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների առաջնորդների մյունխենյան հանդիպումից օրեր անց Ստեփանակերտը հայտարարում է հրադադարի խախտման հերթական դեպքի մասին։
Փաշինյանն ու Ալիևն անցած շաբաթավերջին Մյունխենում ԱՄՆ պետքարուղարի Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ու մասնակցությամբ էին հանդիպել, անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին։
Այսօր տարածած հաղորդագրությունում Արցախի Պաշտպանության բանակը նշվում է հրաձգային զինատեսակներով Ադրբեջանի զինուժը շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով է խախտել հրադադարը։ Խախտման մասին հաղորդվել է խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ ռազմական գերատեսչությունից հերքում են Բաքվի մեղադրանքները, թե Արցախից թիրախավորել են ադրբեջանական դիրքերը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է հաղորդագրությունում։
Երեկ Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել, սակայն առանց նշելու հրադարը խախտող կողմի անունը։ Այս հաղորդագրությունից ժամեր անց Բաքուն հայկական երկու կողմերին մեղադրեց հրադադարի խախտման համար։
Երևանից ևս արձագանքել են Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդումներին՝ դրանք որակելով իրականությանը չհամապատասխանող. - «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»:
Շաբաթներ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ենթականերին հանձնարարել էր «կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել հնարավոր սպառնալիքների դեմ»։ Ի՞նչն է հրադարդարի խախտման դեպքերի վերաբերյալ Բաքվից հնչող մեղադրանքների պատճառը, ինչի՞ է դրանով ուզում հասնել ադրբեջանական կողմը։
Արցախի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Միանական Հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը կարծում է, որ պատճառը քաղաքական է, Բաքուն ճնշման է գնում, այդ թվում Արցախին վերաբերող բանակցություններում ու այլ իրավիճակներում շահեկան դիրքում հայտնվելու, հավելյալ դիվիդենտներ կորզելու համար. - «Մշտական ինքն ա եղել հենց հրադադարի խախտող։ Էս վերջի ամիսներին աշխարհը վերջապես տեսավ... էս շրջափակման, հումանիտար աղետներին, որ ինքը մարդասիրական ոչ մի միջոցառում չի կատարում։ Այլ խոսում ա հաշտության մասին, բայց ամեն ինչ հակառակն ա կատարում։ Փորձում ա նաև սև լույսի տակ ցույց տալ մեզ։ Դա միանշանակ ա»։
Ըստ պատգամավորի, այն, որ Ստեփանակերտը կառուցողական է տրամադրված, Բաքվին զարմացրել է. - «Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, ինչպես նաև ուղիղ բանակցությունների մենք ասում ենք, որ պատրաստ ենք։ Էդ կարծիքը իրանց զարմացնում է։ Ու դրանով նաև փորձում են իրավիճակը սրել»։
Մյունխենում տեղի ունեցած համաժողովին Ադրբեջանի նախագահը նախապայման էր դրել՝ Ղարաբաղում ապրող հայ էթնիկ փոքրամասնության հետ պատրաստ ենք քննարկել նրանց անվտանգության և իրավունքների հարցերը, բայց դա կանեն միայն այն ժամանակ, երբ Ռուբեն Վարդանյանը հեռանա։