Մատչելիության հղումներ

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Շառլ Միշելին խնդրում է աջակցել Հայաստան ադրբեջանցիների անվտանգ վերադարձին


Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին խնդրում է աջակցել Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին։

Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիները Միշելին հղած նամակում նաև Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանն են դիմել՝ պնդելով, որ նրանց մանդատը ենթադրում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանություն, հետևաբար պահանջում են զբաղվել այդ երկրից տեղահանված ադրբեջանցիների իրավունքներով և անվտանգությամբ, ինչպես նաև պայմաններ ստեղծել, որպեսզի իրենք կարողանան այցելել իրենց տները, գերեզմանները, սրբավայրերը։

Եվրոպական դաշինքի ղեկավարին հասցեագրված այդ նամակը հրապարակված է Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներում։

Նամակի հեղինակը Ադրբեջանի կառավարության հովանավորչությունը վայելող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» քաղաքական նախաձեռնությունն է, որի նպատակն, ինչպես նշում է պաշտոնական Բաքուն, հարյուր հազարավոր էթնիկ ադրբեջանցիների վերադարձն է Հայաստան, որտեղ նրանք ժամանակին բնակվում էին։

Ադրբեջանցի փախստականներին միավորող այս նորաստեղծ կազմակերպությունը իր գործունեության մասին պաշտոնապես հայտարարել է անցած տարվա օգոստոսին, ամիսներ անց իր հարկի տակ հյուրընկալել երկրի նախագահին։

«Ներկայիս Հայաստանը մեր տարածքն է», - անցած տարեվերջին կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարում էր նախագահ Իլհամ Ալիևը՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով կազմակերպության գործունեությանը։ Ի դեպ, սա Ալիևի երկրորդ այցն էր ընդամենը մի քանի ամսվա գործունեություն ունեցող կազմակերպության գրասենյակ։

Ադրբեջանի առաջնորդի մոտ մեկ ժամանոց ելույթից հետո, որում, ի դեպ, Ալիևը կրկին կասկածի տակ էր դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հրապարակվեց Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման պետական ծրագիրը։

Այդ փաստաթուղթը պնդում է՝ Հայաստան պետք է վերադառնան «ոչ միայն տեղահանված ադրբեջանցիները, այլև նրանց ժառանգները»։ Կազմակերպությունը հայտարարել է, որ արդեն սկսել է Հայաստանից «տեղահանված ադրբեջանցիների հաշվառումը»։

Զուգահեռաբար Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում հատուկ ֆակուլտետ է ստեղծվել, որն իբրև թե զբաղվելու է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի տեղանունների, բնակավայրերի լանդշաֆտի վերականգնմամբ»։ Ըստ Իլհամ Ալիևի հաշվարկների՝ «Հայաստանի ավելի քան 300 քաղաքներում և գյուղերում ադրբեջանցիներ են ապրել», իսկ «ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել»։

«Նրանց [ադրբեջանցիների] վերադարձը չի նշանակում այնտեղ բնակվող հայերի վտարում»,- «մեծահոգաբար» հայտարարում էր Իլհամ Ալիևը․ «Այդ գյուղերը դատարկ են, և մենք, իհարկե, կօգտագործենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները»։

Սյունիք ու Երևան ադրբեջանցիների վերադարձի պայմանները, ինչպես պաշտոնական փաստաթղթում է նշվում, «պետք է արտացոլվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում», իսկ ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանի տարածքում պետք է ապահովի «ադրբեջանական կողմի համար վստահելի և բարեկամ երկրների ուժերից կազմված միջազգային առաքելություն»։ Թե որ երկրներն են դրանք, հայեցակարգում հիշատակված չէ։

Մինչ այդ, նորաստեղծ կազմակերպության ղեկավարությունն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքիայի պաշտոնյաների, այդ թվում՝ թուրք պատգամավորների, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հետ։

Ադրբեջանցիների «Մեծ վերադարձի երկրորդ փուլը» լայնորեն լուսաբանող Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներն, իմիջիայլոց, «տեղին» չեն համարում Ադրբեջանից տեղահանված հայերի հնարավոր վերադարձի կամ նրանց կողմից նույնօրինակ պահանջների մասին խոսելը։

«Կոռեկտ չէ»,- պնդում է ադրբեջանական իշխանական Caliber թերթը։

«Հայաստանի բնակչության մեծ մասը չունի փախստականի կարգավիճակ, քանի որ նրանք չեն վտարվել Ադրբեջանից, այլ վաճառել են իրենց բնակարաններն ու առանձնատները և բարեհաջող հեռացել Ռուսաստան և այլ պետություններ»-, գրում է լրատվամիջոցը առանց հիշատակելու Բաքվի և Սումգայիթի հայազգի բնակչության ջարդերը և չվկայակոչելով միջազգային զեկույցները, որոնց համաձայն՝ անցած դարի 80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին երկու հարևան երկրներում տեղի ունեցած իրադարձությունները շատ դեպքերում նման էին իրար։

XS
SM
MD
LG