Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար». Արարատ Միրզոյան


«Մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն», - Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Գործելու ժամանակը հիմա է», - նշել է Միրզոյանը:

Միրզոյանն ընդգծել է, որ պետք է ուժեղացնել «ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի նա կատարի իր հանձնառությունները»՝ հավելելով՝ «Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար»:

«Հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։

«Որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին»

«Վերջերս Ադրբեջանի նախագահն ընդունել է, որ ինքն է միջազգային օրակարգ մտցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և սպառնացել վաղ թե ուշ բացել այն անկախ նրանից՝ Հայաստանը դա ցանկանում է, թե ոչ։ Եվ նա ասել է, որ այս եզրույթն ինքն է ներմուծել է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո», - ասել է նա։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է՝ «մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին»։

«Սա սկզբունքային և անշրջելի դիրքորոշում է՝ լիովին համահունչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթին։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապ ապահովելու մասին որոշումը կարող է ընդունվել արագ՝ այն պահից, երբ Ադրբեջանն ընդունի, որ բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության և օրենսդրության շրջանակներում», - հայտարարել է Միրզոյանը։

Նա նշել է, որ հայկական կողմը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես, միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցման, պետական սահմանից զինված ուժերի հեռացման և ապառազմականացված գոտու ստեղծման, ինչպես նաև՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել, որոնք մերժվել են Ադրբեջանի կողմից։

XS
SM
MD
LG