Ջերմուկցի Գագիկ Հակոբյանը դեմ է առողջարանային քաղաքի հարևանությամբ Ամուլսարի հանքի շահագործմանը։ 68-ամյա տղամարդը կասկած չունի, որ ոսկու արդյունահանումից վնասներն ավելի շատ են լինելու, քան օգուտը, ու հետևանքները ջերմուկցիներն իրենց մաշկի վրա են զգալու։
Գագիկ Հակոբյան, Ջերմուկի բնակիչ - «Ո՞նց կարա լավ լինի, եթե թույն շնչենք», - ասում է նա։ - «Ոսկի՞ն ա կարևոր, թե՞ կյանքը։ Իմ կարծիքով, կյանքն ա կարևոր»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվիՔաղաքի կենտրոնական փողոցներում չհանդիպեցինք որևէ մեկին, որ տեղյակ չլիներ Ամուլսարի հանքը շահագործելու որոշման մասին։ Չորեքշաբթի օրը կառավարությունը «Լիդիան Արմենիայի» հետ հուշագիր է կքնել. կանադա-ամերիկյան ընկերությունից միլիոնավոր դոլարների ներդրումներ, հարկեր-տուրքեր, հարյուրավոր աշխատատեղեր են խոստանում, այդ թվում՝ հարակից համայնքների համար։
Գայթակղիչ խոստումները չեն համոզել ջերմուկցի այս կնոջը. - «Մեր Ջերմուկը, մեր ջուրը, մեր մաքուր օդը ինչո՞ւ եք կեղտոտում… համ էլ քանի՞ տոկոս ա մեզ մնում … Հայաստանին։ 12 տոկո՞ս, ուրեմն մեր ոսկեղենը տանեն,12 տոկո՞ս մնա մեզ։ Ու մեզ էլ թույնեն»։
«Լիդիանը» հաջորդ տարվանից է նախատեսում Ամուլսարում ոսկու արդյունահանումը։ Ընկերությունում հաշվել են՝ առնվազն 25 տարի հնարավոր է հանքի շահագործումը, հայտարարում են, թե տարեկան 75-100 մլն դոլար հարկեր-տուրքեր են վճարելու։ Կառավարությունից էլ հաստատում են, որ այս ծրագրի շնորհիվ Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա մոտ մեկ տոկոսով։
«Ինչ-որ մի քանի աշխատատեղի համար, էն էլ ժամանակավորապես, ամբողջ Ջերմուկն իր հմայնքը, բանը կորցնելու ա», - ասում է ջերմուկցի մի տղամարդ։
«Իրանք ոսկին տանեն, փող աշխատեն, ստեղ Ջերմուկի ժողովուրդը սոված մնա՞», - հավելում է նրա համաքաղաքացին։
Հանքարդյունաբերական ընկերությունից նաև շեշտում են, թե իրենց ուշադրություն կենտրոնում է բնապահպանությունը։ Հանքի շինարարության, շահագործման ընթացքում դիտարկելու են տվյալները, վստահ են, որ իրենց գործունեությունն ազդեցություն չի ունենալու բնության վրա։ Մինչդեռ բնապահպանները համոզված են, որ հանքի շահագործումն ուղիղ ազդեցություն կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա։ Նրանք աղտոտման լուրջ վտանգներ են տեսնում հարակից համայնքների համար։
Անգամ եթե վնաս չլինի, առողջարանային քաղաքի անունն է ընկնելու, զբոսաշրջիկներն են նվազվելու, ինչպես ադրբեջանական ներխուժումից հետո եղավ, համոզված են որոշ ջերմուկցիներ։
Ջերմուկի առողջարանային համալիրների մեծ մասի ներկայացուցիչները հրաժարվում են կարծիք հայտնել Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ, անգամ նրանցից մեկի ղեկավարը հարցազրույցի պայմանավորվածությունից ժամեր անց հրաժարվեց՝ առանց հստակ պատառաբանության:
Մինչդեռ տարիներ առաջ նաև հենց այս ոլորտի ներկայացուցիչներն էին դեմ արտահայտվում իրենց կողքին ոսկի արդյունահանելու ծրագրին։
Հյուրանոցներից մեկի սեփականատեր Վահրամ Պողոսյանը, որը համաձայնեց խոսել, կողմ է հանքի հնարավորինս շուտ շահագործմանը. - «Ես մտածում եմ օր առաջ Ամուլսարը բացվի։ Հենց վաղը պիտի բացվի, շատ են ուշացնում։ Մեր կառավարությունը շատ-շատ ուշացրեց»։
Պողոսյանը վստահ է, որ հանքը քաղաքին ու պետությանը միայն օգուտ է բերելու։ Հակառակ տեսակետը կտրականապես չի ընդունում, կասկած չունի, որ Ամուլսարի ծրագրի դեմ բնապահպանական ակցիաներն ուղղորդված էին։ Պնդում է, թե քաղաքում շատերն են իր նման մտածում. - «Մենք բոլորս անհամբեր սպասում ենք բացվի և աշխատենք։ Եթե դեմ են, թող միջոցներ ձեռնարկեին։ Հինգ տարվա մեջ մի հատ փոքր ձեռնարկություն բացեին Ջերմուկ համայնքի համար, քսան աշխատատեղ ստեղծեին, ասեինք համեցեք, աշխատատեղ ենք բացել»։
Ամուլսարին ամենամոտ համայնքներից մեկում՝ Գնդեվազում էլ կան հանքի շահագործմանը կողմ բնակիչներ, որ չցանկացան տեսախցիկի առաջ խոսել։ Աշխատանքի բերումով Գնդեվազում բնակվող 53-ամյա Անդրյուշ Մաթևոսյանն էլ է կողմ. - «Պետք ա աշխատանքով ապահովեն ժողովրդին, ժողովուրդը մեղք են, ժողովուրդը սովի ա մատնվել… Ոչ մի վատ բան չկա»։
Նաև ծրագրին դեմ որոշ գնդեվազցիներ հրաժարվեցին նկարահանվել։ Նրանցից մեկը ասաց, թե ճիշտ չի համարում խոսել, քանի որ «Լիդիանի» ծրագրով իրեն օգնել են, բինզես է սկսել։
Գնդեվազի ծիրանի դաշտերն ու արոտավայրերը մոտ են Ամուլսարին այնքան, որ հանքավայրի տարածքի շինարարության փոշին տարիներ առաջ գյուղ է հասել, ծիրանի բերքի վրա ազդել։
«Մարդ կա, ուզում ա աշխատի, մարդ կա՝ չի ուզում։ Կարող ա պետությանը օգուտ լինի, մեզ էլ մի քիչ հասնի էդ օգուտից, կամ չհասնի… չենք իմանա», - ասում է գնդեվազցի Իշխան Խաչատրյանը։
Իշխան Խաչատրյանը համոզված է, որ հանքի շահագործումից հետո իր այգիների բերքը դժվարությամբ է վաճառելու, ծիրանի արժեքն է ընկելու։ Ընտանիք է պահում նաև անասնապահությամբ. արոտավայրերից էլ են զրկվելու, ասում է. - «Արոտավայրերը չենք կարալու տանենք, իրենց տերիտորիան չեն թողնելու, խոտհարք էլ չունենք մոտիկ, որ քաղենք։ Ստիպված կամ խոտը պիտի առնենք, կամ էլ անասունը քչացնենք կամ ծախենք»։
Ամուլսարի հանքավայրը Հայաստանի ամենամեծ ներդրումային նախագծերից է, որ բազմաթիվ բողոքի ակցիաների պատճառ դարձավ, անգամ՝ մի քանի քրեական գործի։
Հանքավայր տանող ճանապարհը տեղի բնակիչները, բնապահպանները 2018-ից տևական ժամանակ փակ էին պահում՝ արգելելով ընկերությանը շինարարարական աշխատանքներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ընդերքի մասին օրենքի փոփոխությունների նախագիծը՝ բնապահպանների ու քաղհասարակության բողոքի առիթ«Պատվերով հարուցեցին, պատվերով կարճեցին». էկոլոգիական իրավունքի մասնագետը՝ Ամուլսարի քրգործը կարճելու մասինԸստ Պետրոսյանի, եթե չլինի «այնպիսի իրականություն, որ խնդիր առաջանա կասեցնելու շահագործումը, ապա տնտեսվարողը պետք է շահագործի հանքը»Ըստ մասնագետի` Ամուլսարի շահագործումը պատերազմից հետո ավելի վտանգավոր է. երկրաբանը համամիտ չէ Ամուլսարի շուրջ կրքերը չեն հանդարտվումԲնապահպանները կառավարությունից շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում էին պահանջում, անվստահելի համարում դեռ նախկին իշխանությունների ժամանակ իրականացվածը ՇՄԱԳ-ը։
Կառավարության պատվերով ուսումնասիրություն անցկացրած «Էլարդ» միջազգային ընկերության փորձագետները ևս հաստատել էին՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն անվստահելի է։ Դա էր պատճառը, որ չէին կարողացել հստակ պատասխանել՝ անվտա՞նգ է Ամուլսարի հանքի շահագործումը, թե՞ ոչ։
Իշխան Խաչատրյան, Գնդեվազի բնակիչ - «Էսօր կարող ա և ընդվզում չլինի», - ասում է Իշխան Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե հանքի դեմ ընդվզում սկսվի, ինքն էլ կմիանա՝ չնայած վստահ չէ, թե պայքարի նախկին ակտիվությունը կլինի. - «Հոգնել են ժողովուրդը, նադայել են էղել արդեն։ Մարդուն ոչ մի բանի տեղ չեն դնում, ասածը ով է հաշվի առում, ոչ մեկը։ Լավն էլ կասես՝ վատ դուրս կգա, վատն էլ ասես՝ վատ դուրս կգաս»։