Մատչելիության հղումներ

Ապամոնտաժվում ու Ամուլսարի տարածքից հեռացվում են «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայության վագոն-տնակները


Ամուլսար տանող ճանապարհին այս պահին` ուրբաթ երեկոյան, շարունակվում են «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայության վագոն-տնակների ապամոնտաժման աշխատանքները:

Այսօր Ջերմուկ համայնքի որոշմամբ, նախ ապամոնտաժվեցին այն վագոն-տնակները, որոնք օգոստոսի 4-ին «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայության աշխատակիցների կողմից տեղադրվել էին հանք տանող ճանապարհին` ակտիվիստների վագոն-տնակները տեղափոխելով ճամփեզր: Այս պահին դրանք ևս հեռացվում են:

Ցույցի մասնակիցները շարունակում են մնալ տարածքում: Ըստ էության, պահնորդական ծառայության վագոն-տնակների հեռացումը նրանց առաջին պահանջն էր:

Նրանց հաջորդ պահանջը տարածքից պահնորդական ծառայության աշխատակիցների հեռացումն է:

Տեղում ոստիկանների աշխատանքը համակարգող համայնքային ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարող որևէ մեկնաբանության տալ պահնորդական ծառայության աշխատակիցներին տարածքից հեռացնել-չհեռացնելու կապակցությամբ:

Գնդեվազ համայնքի բնակիչ, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենց հետագա գործողությունների մասին կհայտարարեն ավելի ուշ. – «Կառավարությունը պիտի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչի և էս ծրագիրը դադարեցնի: Մենք հասնելու ենք էդ պահանջին` անկախ նրանից, թե էստեղ բողոքի ակցիաներ կանենք, Երևանում կանեն, ավտոերթ կանենք, թե ինչ կանենք, դա համայնքը դեռ կորոշի... Ինչ վերաբերում է մեր մնացած քայլերին, մեր հետագա գործողությունները քննարկման փուլում են: Մեր պայքարը չի դադարելու, սա ընդամենը գործողություն էր, սա սկզբունքի հարց էր, սա արժանապատվության և մեր օրենքի, մեր երկրի նկատմամբ բիզնես գործունեություն ծավալող ընկերության կողմից օրենքի վերականգնման և մեր արժանապատվության հարգանքի հարց էր»:

«Ազատության» հարցին, թե որն է իրենց հիմնական պահանջը` Կառավարության հստակ դիրքորոշման հրապարակո՞ւմը, թե՞ ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչելն ու նոր ՇՄԱԳ կատարվի, Ենոքյանն արձագանքեց. – «Այո, Կառավարությանը մենք հորդորում ենք դիրքորոշում արտահայտել: Եթե հանկարծ ընկերության օգտին քայլեր կձեռնարկվեն, Կառավարությունը պիտի պատրաստ լինի, որ ամբողջ Հայաստանը կանգնելու է էս ծրագրի դեմ և կասեցնելու է գործունեությունը: Լավ կլինի, որ օրենքի տառին համապատասխան, իրավունքի գերակայությունից ելնելով, մարդկանց լսելի որոշումների կայացման իրավունքների ոտնահարման փաստերը Կառավարությունը հաշվի առնի, նկատի դրանք: Որովհետև մենք և' Ազգային ժողով, և' Կառավարություն, և' նախարարություն ներկայացրել ենք Ամուլսարի ծրագրի դադարեցման բոլոր հիմքերը:

XS
SM
MD
LG