Այսօր Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունն իրականացրեց երթ՝ ի աջակցություն Ջերմուկ քաղաքի ու հարակից համայնքների բնակիչների, ովքեր երկու շաբաթ է, ինչ փակել են Ամուլսար տանող երեք ճանապարհները՝ թույլ չտալով «Լիդիան Արմենիա» ընկերությանը շարունակել հանքի շինարարության աշխատանքները։ Ակցիայի մասնակիցները նախ կառավարության շենքի առջև ներկայացրեցին իրենց պահանջները, ապա երթով շարժվեցին դեպի «Լիդիան Արմենիայի» գրասենյակ։
Տոնածառի աղմկահարույց գործով երկու տարի անազատության մեջ անցկացրած ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, ով ևս միացել էր երթին, ասաց՝ պետք է անհապաղ կասեցնել հանքի շահագոծումը։ «Չի կարելի թույլ տալ, որ հանքը շարունակի գործել և դրան զուգահեռ կատարվի համապատասխան մոնիթորինգ։ Հակառակ դեպքում՝ մոնիթորինգի վերջում, երբ կառավարությունը գա այն եզրահանգման, որ խախտվել են բազմաթիվ նորմեր, և հանքը, ըստ էության, վտանգավոր է, ի՞նչ է ստացվում ․․․
Կարծում եմ՝ կառավարության որոշմամբ պետք է կասեցվի այդ հանքի շահագործումը առնվազն մինչև այդ [մոնիթորինգի] խմբի եզրակացությունը: Քաղաքացիները կարող են և պետք է պաշտպանեն իրենց իրավունքները: Ամուլսարը ռազմավարական մակարդակի վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քանի որ վտանգված է Հայաստանի մաքուր ջրի, խմելու ջրի գրեթե ողջ պաշարը։ Մի կողմից վտանգվում են Ջերմուկի հանքային ջրերը, մյուս կողմից վտանգվում է Սևանը»,- շարունակեց ակտիվիստը:
«Ազատության» հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսար կատարելիք այցից, երթի մասնակիցները պատասխանեցին, թե դրական են տրամադրված: «Հույսեր ունենք, որ վարչապետն ամբողջությամբ կընկալի խնդրի լրջությունը, կարծում եմ՝ մեր տեղացի հասարակությունը կներկայացնի խնդիրը ողջ լրջությամբ», «Հիմնական սպասելիքն այն է, որ վարչապետը տեղում կծանոթանա ջերմուկցիների մտահոգությանը և լիովին կհասկանա իրավիճակը, թե ինչու են ժողովուրդը փակել և չեն ուզում այլևս բացել, քանի դեռ վերջնական որոշում չկա», «Դրական ենք տրամադրված, մասնավորապես, մեր տրամադրվածությունը հիմնված է հենց ջերմուկցիների վճռականության վրա, որովհետև եթե նախկինում տեղաբնակները բողոքում էին, բայց էս մասշտաբների չէր բողոքը, որովհետև մարդիկ նախորդ իշխանությունների ժամանակ մտածում էին՝ բան չի փոխվելու, այսօր էդ կարծրատիպը կոտրվել է, և ժողովուրդն իր ձայնը բարձրացնում է»,- ասացին ակտիվիստները։
Թեև Ամուլսարում ոսկու արդյունահանման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա, այդուհանդերձ, հանքավայրի հարակից համայնքների բնակիչները շարունակում են ահազանգել, որ Ամուլսարում հանքարդյունաբերության ամեն օրը բնությանն անդառնալի վնաս է հասցնում։ Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը, ով Ջերմուկ քաղաքի ու հարակից համայնքների բնակիչների հետ մասնակցում է բողոքի ակցիաների, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ վաղը վարչապետ Փաշինյանին կներկայացնեն իրենց հիմնավորումները, թե ինչու են շարունակելու փակ պահել Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները։
«Պարոն վարչապետին ներկայացնելու ենք, թե ինչու է համայնքը դեմ հանքարդյունաբերական ծրագրին Ջերմուկի տարածքում և հաղորդելու ենք նրան, որ կառավարությունն առհասարակ պետք է հաշվի առնի ժողովրդի կարծիքը որևէ գործողություններ իրականացնելու թույլտվություններ տալուց առաջ, հանրային կարծիքը պետք է գերակա լինի»,- ասաց Վազգեն Գալստյանը։
Ամերիկաբրիտանական «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել է երկու տարի առաջ՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Ավելի վաղ, «Ազատության» հետ զրույցում, ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն ասել էր, որ արդեն 6 միլիոն դոլար են ծախսել բնապահպանական և ընկերության ազդեցության գնահատման ուսումնասիրությունների համար, օգտվելով աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերությունների ծառայություններից: Սթիվենսոնը վստահեցնում էր, որ կիրառելու են թթվային ապարների դրենաժի կառավարման լավագույն միջոցները, որոնց շնորհիվ շրջակայքի ջրերը չեն աղտոտվի: