«Ամուլսարի աշխատողները լավագույն բնապահպաններն են» ցուցապաստառով այսօր հանքի աշխատակիցները բողոքի ակցիայի էին դուրս եկել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով բացել հանքավայր տանող ճանապարհները:
Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ արդեն 10 օր փակ են պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները հանքում:
Երևան եկած ցուցարարները նամակներ էին հասցեագրել վարչապետին՝ խնդրելով Նիկոլ Փաշինյանին անձամբ հորդորել ակտիվիստներին բացել դեպի հանք տանող ճանապարհները:
«Չեն թողում՝ 1400-1500 մարդ, որ աշխատումա, իրա հանապազօրյա հացնա ստանում, էսօր գնացել նստելա տուն: Եթե անօրինական ենք աշխատում, թող դրա լուծումը տան, եթե օրինականա՝ ուրեմն բացեն ճանապարհները, ժողովուրդը գնան իրանց աշխատանքին», - «Ազատության» հետ զրույցում իրենց բողոքը ընդհանրացրեց ցուցարարներից մեկը:
«Լիդիան Արմենիան» քաղաքական շահարկումներ է տեսնում
Ակնկալվում էր, որ այս տարի պետք է մեկնարկեր Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագիրը: Բնապահպան ակտիվիստներն ու մի շարք հետազոտողներ մտահոգություններ են հայտնում ծրագրի վերաբերյալ, մինչդեռ հանքարդյունահանման թույլտվություն ստացած ամերիկաբրիտանական «Լիդիան» ընկերությունը ներկայացնում է փորձագիտական եզրակացություններ և պնդում՝ բարձրացված աղմուկն անտեղի է, «վախեր տարածելն էլ» չի բխում ոչ մեկի շահերից:
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այսօր փակ ճանապարհների պատճառով իրենց աշխատողները զրկվել են աշխատելու իրավունքից: Տնօրենը հերքեց լուրերը, թե ընկերությունը պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը: Նշեց՝ փորձում են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, չեն բացառում, սակայն, որ անհրաժեշտության դեպքում ստիպված կլինեն դիմել ծայրահեղ քայլի՝ բաժնետերերի շահերից ելնելով:
«Մենք արդեն իսկ կրել ենք 5 միլիոն դոլարի վնաս էս տասը օրվա ընթացքում», - ընդգծեց նա:
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն ասաց, որ այսօրվա ակցիայի նպատակն էր նաև աջակցություն հայտնել Փաշինյանի կառավարությանը:
Հիշեցնենք՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խնդրել էր բացել Ամուլսար տանող ճանապարհները, «քանի որ արհեստական խոչընդոտներն անհարկի ձգձգում են խնդիրների վերհանումը»։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավարն էլ օրերս «Ազատությանը» ասել է, որ պատրաստվում են Հայաստանի մետաղական հանքերում իրականացվելիք ստուգումները սկսել հենց Ամուլսարից:
Ամուլսարին երեկ անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով, թե հանքավայրին վերաբերող հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա:
Բնապահպան ակտիվիստները պնդում են, որ ծրագիրն աղետալի ազդեցություն կունենա շրջակայքի ջրային ռեսուրսների վրա: Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն ասել էր, որ 6 միլիոն դոլար են ծախսել բնապահպանական և ընկերության ազդեցության գնահատման ուսումնասիրությունների վրա, օգտվել են աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից և վստահեցնում էր, որ կիրառելու են թթվային ապարների դրենաժի կառավարման լավագույն միջոցները, որոնց շնորհիվ շրջակայքի ջրերը չեն աղտոտվի:
«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենն էլ այսօր հավելեց․ - «Խոսքը պետք է ունենա հիմք: 12 տարի է՝ մենք աշխատում ենք ծրագրում, որևիցե մի բնապահպան չի եկել մեզ հետ զուգահեռ ուսումնասիրություն անելու: Այսինքն՝ այն տվյալները, որ իրենք օգտագործում են մեր դեմ կամ հարցեր են բարձրացնում, դրանք մեր տվյալներն են, որ մենք տեղադրել ենք մեր վեբ կայքում կամ դարձրել ենք հանրային, և որին համապատասխան էլ ունենք մեր լուծումները»:
Ալոյանը կարծիք հայտնեց, թե այստեղ քաղաքական, այլ ոչ թե բնապահպանական խնդիրներ են շահարկվում: - «Ուղղորդվում են մարդիկ, որ նման ակցիաներ իրականացնեն», - նշեց «Լիդիանի» ներկայացուցիչը: - «Մենք կարծում ենք, որ սա ավելի շատ քաղաքական է»:
«Ազատության» դիտարկմանը, թե բնապահպան ակտիվիստները և՛ նախորդ իշխանությունների օրոք էին պայքարում, և՛ ներկա, թեև երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, Ալոյանը արձագանքեց․ - «Քաղաքական իրավիճակը փոխվել է, բայց քաղաքականությունը դեռ չի փոխվել»:
«Լիդիանը» հայտարարում է, որ հանքավայրի 10-ից ավելի տարիների որոնողահետախուզական, հորատման աշխատանքների ընթացքում պարզվել է՝ Ամուլսարն ունի առնվազն 70 տոննա ոսկու պաշար: Մինչդեռ՝ բնապահպանները պնդում են, թե դա միֆ է՝ ներդրողներին հրապուրելու համար: Հանքարդյունաբերական ընկերությունում ակնկալում են, որ հետագա որոնողահետախուզական աշխատանքների արդյունքում ոսկու ավելի մեծ պաշար կհայտնաբերվի: