«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից կես տարի անց փաստաթուղթ կեղծելու և հրդեհային անվտանգության կանոնները խախտելու մեղադրանքով կալանավորվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը երկու ամսով կալանավորվեցԱռնվազն 16 մարդու կյանք խլած պայթյունի գործով արդեն 5 մեղադրյալ կա, այդ թվում՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը։ Սակայն դեպքից ամիսներ անց էլ գործով չի անցնում որևէ մեկը տեսչական մարմնից, որը պատասխանատու է կանոնների պահպանմանը հետևելու համար։
Երեկ կալանավորված Իրինա Մադաթովան մեղադրվում է ոչ թե հենց անցած օգոստոսի պայթյունի, այլ դրանից մեկուկես տարի առաջ նույն առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի դրվագով։
Մայրաքաղաքի կենտրոնի շուկայում դեռ 2021-ի ապրիլին հրդեհ էր եղել, վնասվել էին մոտ երկու տասնյակ մարդկանց խանութները։ Հրդեհից առաջ տեսչական մարմինը շուկայում ստուգումներ էր արել, մոտ երկու տասյակ խախտումներ հայտնաբերել, բայց այդպես էլ չէր գնացել ստուգելու՝ խախտումները վերացվել են, թե ոչ։ Մադաթովան էլ, ըստ գործի, չի վերացրել այդ խախտումները։ Այս խախտումներից մեկ ու կես տարի անց մայրաքաղաքի կենտրոնում որոտացած պայթյունից երկու օր անց, սակայն, Մադաթովան «Ազատությանը» փոխանցել էր՝ խախտումները վերացված են։
Գործը վերահսկող դատախազ Ծովակ Մնացականյանի խոսքով, Մադաթովան կեղծել է իր իսկ հրամանը, որ առևտրի կենտրոնի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության համար ստանձնած պարտականությունը 2019 թվականի փետրվարի 1-ից կփոխանցվի ընկերության փոխտնօրենին. - «Ընկերության կանոնադրությամբ անվտանգության կանոնները պահպանելու պարտականությունը, որ դրված է եղել տնօրենի վրա, տնօրենը ներկայացրել է վարույթ իրականացնող մարմնին իրականությանը չհամապատասխանող փաստաթուղթ, իբրև թե այդ պարտականությունը դրված է փոխտնօրենի վրա։ Որով փորձ է կատարել խուսափել պատասխանատվությունից»։
Մեղքը չընդունող 52-ամյա Մադաթովայի փաստաբան Կարեն Բատիկյանը հակադարձում է՝ իր պաշտպանյալը որևէ կեղծիք թույլ չի տվել, իսկապես աշխատանքի բաշխում է կատարել առանց հետին մտքի. - «Հենց հիմա իմ ձեռքի տակ կա Իրինա Մադաթովայի կողմից տրված մի շարք հրամաններ, որոնք վերաբերում են ոչ միայն հակահրդեհային կանոնների պահպանման պարտականություն սահմանելուն, այլև, ընդունենք, վերելակների վերաբերյալ անվտանգության պատասխանատու կոնկրետ մարդու առանձնացված, շինարարության գծով պատասխանատու... Այսինքը՝ տնօրենը էդ ամբողջ պատասխանատվությունը չէր կարող կրել, և բաշխվել է»։
Ըստ դատախազության, Մադաթովան, կեղծելով հրամանը, իր պարտականությունները փոխանցել է «Սուրմալուի» առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վարդան Մանուկյանին, որը այս գործով 5 մեղադրյալներից մեկն է, մեղադրվում է ինչպես 2021-ի հրդեհի, այնպես էլ 2022-ի պայթյունի դրվագներով։
Բատիկյանը նաև պաշտպանում է սկզբում կալանավորված, ապա ազատ արձակված Վարդան Մանուկյանին, որը ևս մեղադրանքը չի ընդունում։
«Սուրմալու»-ի երկու պատասխանատուները չեն ընդունում, որ իրենց մեղքով է մեկ տարվա ընթացքում շուկայում սկզբում հրդեհ, ապա պայթյուն եղել։ Ավելին, նրանց փաստաբան Բատիկյանը նշում է, որ նախաքննության ավարտից հետո շատ հարցերի պատասխաններ կհնչեն։ Նրա խոսքով, 2021-ի խախտումների մեծ մասը առևտրի կենտրոնը վերացրել էր, և քննչականը չի պատասխանում իրենց հարցին, թե այդ չվերացված խախտումներից ո՞ր մեկն է դարձել պայթյունի պատճառ։
Դատախազ Ծովակ Մնացականյանի պնդմամբ, եթե 2021-ի խախտումները ժամանակին վերացված լինեին, օգոստոսի պայթյունի ծավալներն այսքան մեծ չէին լինի. - «Քանի որ մենք չունենք վերջնական եզրակացություն, որ էդ պայթյունի հետ կապված որոշ հանգամանքներ հստակեցնենք, իմ կարծիքով, մենք դա ունենալուց հետո նաև պատկերը հնարավոր ա փոխվի։ Բայց, համենայն դեպս, իմ կարծիքով, ծավալների այս չափը չի ունենա։ Անձանց կորուստների մասով հիմա չեմ կարող ասել, դա փորձաքննությունը կասի, բայց գույքային վնասների չափով որ միանշանակ այս մեծ ծավալները չէր ունենա, դա աներկբա է»։
Դատախազի խոսքով, այս պահին էլ պարզ է, որ մահաբեր պայթյունի պատճառը «Սուրմալու»-ում պահվող պայթուցիկներն էին. - «Կարող ենք ֆիքսել, որ ի սկզբանե ներկայացված վարկածից որևիցե բան չի փոխվել։ Թեև էս ընթացքում ստուգվել են գրեթե մի քանի տասնյակի հասնող հնարավոր վարկածներ։ Բայց վարկածները հերքվելով և բացառվելով՝ նախնական վարկածը շարունակում է առավել արդիական մնալ»։
Ծովակ Մնացականյանը, նախաքննության գաղտնիությունից ելնելով, փակագծերը չի բացում՝ արդյո՞ք այդ պայթուցիկները պահվել են օրենքով, և արդյո՞ք տեսչականի պատասխանատուները ևս չպետք է համալրեն մեղադրյալների շարքը անգործության, անփութության համար, երբ 2021-ի ստուգումների ժամանակ որևէ պայթուցիկ շուկայում չէին հայտնաբերել, իսկ հայտնաբերած խախտումների վերացման հետքերով էլ շուկա չէին գնացել՝ վերստուգելու՝ հանձնարարությունը կատարված է, թե ոչ։
Ողբերգական պայթյունից հետո տեսչական մարմինը պնդել էր, թե ծանրաբեռնված են աշխատում, Երևանում ընդամենը վեց տեսուչ ունեն։
Ամիսներ առաջ «Սուրմալու»-ում գրեթե վեց տասնյակ խախտումներ հայտմաբերվեցին, տեսչականը ժամկետ տվեց՝ դրանք վերացնելու համար։ Արդյո՞ք ավարտգել է ժամկետը, տեսչականից չեն մանրամասնում։ Հայտնի է միայն, որ «Սուրմալու»-ի ղեկավարությունը վերացրել է դրանց 40-50 տոկոսը։
Վերջերս տեսչականը մի քանի օրով փակել էր Մալաթիայի և Ոսկու շուկաները՝ ժամանակ տալով խախտումները վերացնելու համար։ Ինչո՞ւ նույնը չի արվում «Սուրմալու»-ում, այն դեպքում, երբ պայթյունից հետո դատախազությունն էր նման միջնորդագիր ներկայացրել տեսչական մարմին։ Վերահսկող այս կառույցից պարզաբանում են, թե քանի որ կա քրեական գործ, շուկան փակել չեն կարող։