Մատչելիության հղումներ

Թեև «Սուրմալուում» արձանագրված խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել, կենտրոնի մի հատվածը շարունակում է գործել


Առնվազն 16 մարդու, այդ թվում՝ 1 երեխայի, կյանք խլած «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից գրեթե կես տարի անց որևէ մեկը չի պատժվել։ Քննչական կոմիտեից հայտնում են՝ դեռ նախաքննություն է, այս պահին 4 մեղադրյալներից միայն մեկն է կալանավորված՝ պահեստի շահագործողներից մեկը։ Մինչ այդ առևտրի կենտրոնի մի հատվածը շարունակում է գործել: Արդյո՞ք անվտանգության կանոնները պահպանվում են. տարածքում նկարահանումն արգելվում է։

Տեսչական մարմինը պայթյունից հետո ու դրանից ամիսներ առաջ էլ առևտրի կենտրոնում տասնյակների հասնող խախտումներ էր արձանագրել։ Պարզվել էր, որ «Սուրմալուում» չի եղել հակահրդեհային ջրավազան, հրդեհավտանգ տանիքների վրայով օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված, խանութների դռները չեն բացվում դեպի դուրս, 3500 քառակուսի մետրը գերազանցող երկհարկանի առևտրի սրահում չկա հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, գոյություն ունեցող համակարգերն էլ սարքին չեն։

Ողբերգական դեպքից կես տարի անց, պարզվում է, այս խախտումները վերացնելու գործընթացն ամբողջությամբ չի ավարտվել։ «Ազատության» հետ զրույցում առևտրի կենտրոնի տնօրենն ասաց, թե խնդիրները դեռ լուծվում են։ Ո՞ր մասն է լուծվել, ինչո՞ւ այսքան երկար՝ Վարդան Մանուկյանը հրաժարվեց հարցազրույցից, իսկ նկարահանումը թույլատրեց հաջորդ երկուշաբթի միայն՝ զանգել, պայմանավորվելուց հետո։

«Տեսչական մարմինը «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհատեխնիկական հետազոտություն իրականացրել է արդեն 2022 թվականի օգոստոս ամսին դատախազության միջնորդության հիման վրա քրեական գործի շրջանակներում, արձանագրվել են նորից հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, կազմվել է ակտ խախտումների մասով, և ամբողջ փաթեթը տրամադրվել է նախաքննություն իրականացնող մարմնին, որպեսզի հետագայում արդեն նախաքննություն վարույթ իրականացնող մարմինը որոշի «Սուրմալու» առևտրի կենտրոնի հետագա գործունեության ճակատագիրը», - ասաց Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը:

Ոլորտի մասնագետները ոչ միայն թույլ վերահսկողությունն են խնդրահարույց համարում, այլ նաև չնչին տուգանքները, որ որոշ դեպքերում մինչ 50 հազարի դրամի են հասնում։

«Տեսչական մարմինը կարող է այցելել տվյալ հիմնարկ ձեռնարկություն՝ դա լինի շինհրապարակ, դա լինի արտադրական ընկերություն, և այնտեղ մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող որոշակի դեպքեր հայտնաբերելու դեպքում կարող է դադարեցնել աշխատանքը, կարող է տուգանել, կարող է զգուշացնել, բայց այստեղ նաև որոշակի բացեր ունենք օրենսդրական տուգանքների մասով: Շատ փոքր տուգանքներ են, որը հայկական մենթալիտետում ընդունված է՝ ոչինչ, հիմա թող գան, մի հատ էլ թող 50 հազար դրամ տուգանեն, ի՞նչ, մի հատ նորից 6 ամիս և այլն», - «Ազատության» հետ զրույցում նշեց տեխնիկական, հրդեհային անվտանգության փորձագետ Արթուր Հովսեփյանը:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնինց հայտնում են, որ հրդեհային և տեխնիկական անվտանգության խախտման համար տուգանքների չափի զգալի բարձրացման համար օրենսդրական փոփոխություն են առաջարկում՝ ընդհուպ մի քանի միլիոն դրամի և միանգամից տնտսվարողի գործունեության կասեցում։

Շինհրապարակներից սկսած մինչև բենզալցակայաններ, գազալցակայաններ, տարրական անվտանգության կաննոները չեն պահպանվում, ասում է փորձագետը։ Երևանում բենզալցակայաններից շատերը հարակից շենք-շինություններից առնվազն 25 մ հեռավորության վրա չեն գտնվում, հրդեհաշիջման տարրական պայմաններ չեն պահպանվում։

«Գազաբալոնների տեղադրման կայանում մի քանի օր առաջ էր, նորից հրդեհի բռնկում էր տեղի ունեցել, և ի՞նչ է պարզվում, պատճառն ի՞նչ է, որ հեղուկ գազաբալոնը փորձել են աշխատակիցները չպատկերացնելով դատարկել վառարանի մեջ, և հրդեհ, պայթյուն է տեղի ունեցել, արդյունքում կարող էր նմանատիպ ողբերգություն տեղի ունենալ», - նկատեց փորձագետը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG