«Մալաթիա» առևտրի կենտրոնի դռներն այսօրվանից փակ են աշխատակիցների առջև։ Հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կասեցրեց տոնավաճառի աշխատանքը՝ հայտնաբերված խախտումները մեկուկես տարվա ընթացքում ամբողջությամբ չվերացնելու համար։
«Եթե հրդեհ լինի, կրակը մարել չի լինի», տեսչականի այս հիմնավորումն ըստ աշխատակցիների ու սեփականատիրոջ՝ պետք է վերանայվի:
«Այս տոնավաճառը մեր եկամտի միակ աղբյուրն է: Տունս գրավի, կալանքի տակ է, չեք հավատում, կարամ տանեմ, թղթերը բացեմ, ցույց տամ, որ չմուծեմ, ո՞վ է փակելու», - ասացին տոնավաճառի աշխատակիցները:
«Շենքը շենքից 8 մետր հեռավորության վրա: Երբ որ ես ասացի, որ դա չի համապատասխանում, այսինքն՝ խախտմանը, որովհետև մենք 90թ. սարքել ենք շենքերը, հիմա դուք ասում եք՝ հեռու տարեք», - նշեց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:
2.5 հեկտար տարածք ու շուրջ 600 տաղավար ունեցող այս տոնավաճառում, ըստ ստուգող մարմնի, չկան ծխահեռացման համակարգ, կրակն ավտոմատ մարող ջրաշիթեր, կան դյուրավառ նյութերով կահավորված փակ հատվածներ, իսկ ցուցադրված մի քանի կրակմարիչը հրդեհի դեպքում չի չեզոքացնի կրակը։
Սեփականատեր Սամվել Ավետիսյանը կրկնում է՝ հրշեջ մեքենայի ճանապարհն ազատ է, ունեն անհրաժեշտ ջրի կայան, մի քանի հարյուր կրակմարիչներ, ծխի դեպքում անվտանգության ազդանշանը կմիանա, մնացածն էլ ընթացքում կանեն, եթե տեսչականը ժամանակ տա. «Ջուրը իջացնում ենք և սրանով աշխատում ենք, 20 մետրը մեկ մենք ունենք այս խողովակները, որով մենք կարող ենք պաշտպանել մեր աշխատակիցներին: 8-9 հատ մնում է, որ մենք իջացնենք, մնացածը բոլորը պատրաստ են, 95 հատից այդ 8 հատն էլ կկարգավորենք»:
Ինչո՞ւ մեկուկես տարվա ընթացքում բոլոր խնդիրները չեն շտկվել, «Ազատությունը» հետաքրքրվեց տոնավաճառի սեփականատիրոջից, ասաց. «Եթե երկու հազար դրամ վերցնում ես տասը ծառայության համար և վճարում ես տասը ծառայություն, և հոսանքն ես վճարում, և հաշվապահություն, և մյուսը այդ գումարի մեջ, ես իջացրել էի գումարները, որպեսզի այդ մարդիկ բոլորը կարողանան կանգնել և իրենց հացի փող վաստակեն: Եթե տակը գումար չի մնում, շատ կարճ ժամանակամիջոցում ո՞նց կվերացնես: Ընթացքում եղել է տասը կետ, նշել են իրենք չէ՞, և տասնյոթ խախտումից հետո տասը մենք վերացրել ենք, նշել են, երկուսն էլ ես համաձայն չեմ, որը օրենքի պահանջ է, ես կարող եմ համաձայն չլինել»:
«Մալաթիայի» աշխատակիցները տարակուսած են՝ ինչո՞ւ է խստացված ստուգումների պատճառ դարձած «Սուրմալու» առևտրի կենտրոնը դեռ աշխատում, չշտկված խնդիրներն էլ ընթացքում վերացնում, բայց իրենք այդ հնարավորությունից զրկված են։ Անցած ամառ առնվազն 16 մարդու կյանք խլած պայթյունից հետո «Սուրմալուն» վերաբացվեց, տեսչական մարմինը պատճառաբանում է, թե «Սուրմալուի» աշխատանքը չի կարող կասեցնել, քանի որ քրեական գործն ավարտին դեռ չի հասել։
«Բոլորին էլ պարզ է, որ «Սուրմալուն» չես կարող պաժառ տալ, բետոնը տրաքի, դա անհնար բան է, ուրեմն ինչ-որ մի նյութ է եղել չէ՞ այնտեղ, որ տրաքել է: Եթե մենք այստեղ այդ նյութով գործ չենք անում, մենք բան չենք սարքում այստեղ, շոր ենք ծախում, ամեն շարքի մեջ տեսնում եք դրած, ոնց որ երեք հատ պաժառնի ավտո ամեն շարքի մեջ կանգնած է: Էդ ի՞նչ հրդեհ պետք է լինի, որ մենք նստենք, ծխից էլ խեղդվենք», - հարցնում է աշխատակիցներից մեկը:
Այսօր «Մալաթիայի» սեփականատերը տասը աշխատակիցների հետ գնաց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որ ղեկավար Գարեգին Խաչատրյանին անձամբ ներկայացնեն իրենց արածն ու չարածը։ Ժամեր անց տեսչական մարմինը հայտարարեց՝ հանդիպումից հետո որոշվել է ամենահրատապ խնդիրներն արագ շտկել, նոր շուկան բացել։ Իսկ մնացած խնդիրների լուծման համար սեփականատերը համաձայնել է նախնական հաշվարկ անել ու նախագիծ ներկայացնել։
«Տնօրինությանը ներկայացվեց նաև այն խնդիրը, որ պետք է սեղմ ժամկետներում նաև իրականացնի մնացյալ աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, եթե դրանք դիրքորոշում չհայտնի ներդրում իրականացնելու մասով, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսի», - ասաց տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը:
Տոնավաճառի տնօրենը դեմ չէ, ասաց՝ վաղվանից աշխատակիցների ու տեսչական մարմնի ներկայացուցիչների աջակցությամբ կսկսեն աշխատանքները։ Եթե նախահաշվարկից հետո պարզի, որ կարող է նաև ներդրում անել ու մյուս ծախսատար հարցերը շուկայի աշխատանքին զուգահեռ ավարտել, կանի։
«Մենք գիշերն էլ կաշխատենք, 24 ժամ կաշխատենք՝ մարդիկ մի օր շուտ աշխատելու համար», - ասաց նա:
Հարցին՝ շուկան փակվելու վտանգ չկա, պատասխանեց. «Չեմ կարող ես հաստատ ասել, առայժմ՝ ոչ: Ինձ չի թվում, որ այդ թիվը պետք է լինի, որը ես չկարողանամ»:
Շուկայի աշխատակիցներն ասում են՝ մի քանի օր կդիմանան, բայց երկար չեն կարող անգործ մնալ. «Ընդմիշտ չփակվի, երեք օր ժողովուրդը կդիմանա»:
«Մի քանի օրը մեծ ցնցումներ չի առաջացնում, բայց հիմնովին ինքներդ վերլուծեք»:
«Սուրմալուի» ողբերգական պայթյունից հետո հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ևս մի քանի շուկաներում, որոնց անունները դեռ չի հրապարակում։