Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը Հայաստանի համար ընդունելի չէ, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե մյունխենյան հանդիպման ժամանակ հայկական կողմին առաջարկել են անցակետեր դնել, ինչպես ասել էր՝ «Զանգեզուրի միջանցքի» սկզբում և վերջում, նաև՝ Լաչինի ու Հայաստանի միջև։ Իսկ ճանապարհները, ասաց Միրզոյանը, կարելի է րոպե առաջ ապաշրջափակել, եթե կողմերը ընդունեն, որ դրանք, նաև՝ երկաթուղայինը, պետք է գործեն այն երկրների օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են։
Միրզոյանը բացառեց ուժի կիրառմամբ ու նոր ուժի սպառնալիքների ներքո նախկին պայմանավորվածությունները փոխելը։ Նա սա ագրեսիվ քաղաքականություն որակեց:
«Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է անցակետեր դնել Հայաստանի սահմանին և այն հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը, բայց մեր պատասխանը միանշանակ է: Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից. ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, և Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում կրկին, այսպես, ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով մեզ համար ակնհայտորեն ընդունելի չի», - ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Արարատ Միրզոյանը հաստատեց՝ Ադրբեջանի ակնկալիքն է՝ բացել Լաչինը՝ այլ միջանցք ստանալու դիմաց։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր ասել՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջել է Լաչինը բացելու դիմաց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տալ։ «Ազատությունը» Հայաստանի արտգործնախարարից հետաքրքրվեց՝ նման պահանջ հնչե՞լ է։ Միրզոյանը հղում արեց վերլուծություններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիև. Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ պայմանով«Հիմի լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե Ռուբենին ասենք թող գնա, որտեղից եկել ես». իշխանական պատգամավոր«Վերլուծելիս մենք կարող ենք տեսնել այս ադրբեջանական գիծը, ըստ էության, ակնկալիքը բացել Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու շուրջ: Եվ այս նարատիվը ևս նոր չէ, և մեր դիրքորոշումն էլ այս նարատիվի կապակցությամբ նոր չէ, որ ես պետք է հնչեցնեմ», - ասաց Արարատ Միրզոյանը:
Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ Մյունխենում Ադրբեջանից հավաստիացումներ ստացել են, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև «միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը» պետք է տեղի ունենա։ Բայց նա իր լավատեսության մեջ ժուժկալ էր։
Արարատ Միրզոյանը շրջանցեց Ալիևի դրած պայմանը, որ այդ խոսակցությունը կարող է տեղի ունենալ մի դեպքում, երբ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա. - «Բլինքեն-Ալիև-Փաշինյան ձևաչափի քննարկումների ընթացքում, մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությանը և հավաստիացումն այն մասին, որ այդ քննարկումները, այդ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա: Մյուս կողմից մենք այս վերջին տարիների ընթացքում շարունակաբար տեսել ենք, որ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, տրվում են հավաստիացումներ, խոստումներ, հետո տեսնում ենք նահանջ այս դիրքորոշումներից, ընդհուպ մինչև, քիչ առաջ խոսում էինք նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ստորագրված և հանրահայտ պայմանավորվածություններից: Հուսամ այս անգամ այդ դեպքը չի լինի, և կրկին նույն վարքագիծը չենք տեսնի»:
Արտգործնախարարն այսօր Լյուքսեմբուրգի իր գործընկերոջն էր ընդունել, որից հետո երկուսն էլ պատասխանեցին լրագրողների հարցերին։ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական բանակցություններ ու 2 օր առաջ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ առաքելության տեղակայում, այս հարցերին անդրադարձան։
Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը ոչ մի պատճառ չէր տեսնում՝ ինչո՞ւ պետք է փակ պահել Հայաստանի հետ կապն ապահովող Լաչինի միջանցքը։
Ըստ Լյուքսեմբուրգի արտգործնախարարի, ԵՄ առաքելությունը կամրապնդի Եվրամիության հետ հարաբերությունները, կնվազեցնի սահմանային միջադեպերը. -«Լյուքսեմբուրգը նույնպես անդամ ունի առաքելությունում, շատ փորձառու ոստիկան, ով պատրաստ է օգնել այս շատ կարևոր առաքելության շրջանակներում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մյունխենի եռակողմ հանդիպմանը քննարկվել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքըԵվրամիության դիտորդներն այսօր ժամանել են ՀայաստանԺան Ասելբորնը դիվանագետի համար անսովոր անկեղծ էր Ադրբեջանի հետ եվրոպական գազային համաձայնագրին վերաբերող հարցին պատասխանելիս։ Կարծիքներ կան, որ Եվրամիությունը դրա դիմաց աչք է փակում Ադրբեջանում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ վրա։
«Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Եվրոպան նոր էներգետիկ աղբյուրների կարիք ունի, ես Ձեզ հետ համաձայն եմ, մենք չենք կարող վաճառել մեր հոգին գազ կամ նավթ ունենալու համար։ Պետք է մեծ ուշադրություն դարձնենք, որ չհայտնվենք մի այլ երկրից կախվածության մեջ, որտեղ մարդու իրավունքները առաջնահերթություն չեն», - ասաց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը։
Առաջին տարելիցի նախօրեին Լյուքսեմբուրգի արտգործնախարարը չշրջանցեց ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Շեշտեց՝ գնահատում են Հայաստանի չեզոք դիրքորոշումը, որ չի նույնականացվում Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետ։ Խրախուսեց Հայաստանին գոնե պահպանել այս դիրքորոշումը։