Մատչելիության հղումներ

Բանակցությունների ամենահեռանկարային հարթակը ամերիկյանն է. Արեգ Քոչինյան


Բանակցությունների ամենահեռանկարային հարթակը ամերիկյանն է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ալիևն ասում է՝ Ղարաբաղի հայերի հետ կբանակցենք, ընդ որում, առաջին անգամ ասում է, որ կա միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություն այս հարցով, և առաջին անգամ չասաց, որ դա Ադրբեջանի ներքին գործն է, սա ինչ-որ քայլառա՞ջ է:

Քոչինյան. - Կարծում եմ, որ՝ այո, քայլառաջ է: Այստեղ իհարկե հարց է առաջանում՝ եթե Ալիևը հիմա ասում է, որ տենց պայմանավորվածություն կա, բա սրանից որոշ ժամանակ առաջ ի՞նչ էր հայտարարել նրանց Արտաքին գործերի նախարարությունը, երբ որ նման պայմանավորվածություն չկա, որևէ մեխանիզմի մասին խոսակցություն չկա և հակադարձում էր Հայաստանի հայտարարություններին: Այստեղ իրարամերժություն կա իրենց հայտարարությունների մեջ:

Իհարկե, քայլառաջ է, և ես դա պայմանավորում եմ Բլինքենի հետ եռակողմ հանդիպմամբ: Ընդհանրապես ես ամենահեռանկարային հարթակը այս երեք հարթակներից՝ մոսկովյան, բրյուսելյան, վաշինգտոնյան, համարում եմ հենց վաշիգտոնյանը, որովհետև ի տարբերություն մոսկովյանի, որը չունի ցանկություն կոնֆլիկտը լուծելու և ի տարբերության բրյուսելյանի, որը չունի կարողություն կոնֆլիկտը լուծելու, Վաշինգտոնն ունի և՛ ցանկություն, և՛ կարողություն կոնֆլիկտի հանգուցալուծման գնալու: Այս առումով այդ հանդիպումն եմ կարևորում նման փոփոխության ապահովման մեջ:

«Ազատություն». - Միաժամանակ Ալիևը էլի իր պայմանը հնչեցրեց, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա, նոր կխոսենք հայերի հետ, ինչո՞ւ է այսպես էական պետական նախարարի գործոնը Բաքվի համար:

Քոչինյան. - Կարծում եմ՝ Բաքվում առաջին հերթին Ռուբեն Վարդանյանին համարում են ռուսական ազդեցության գործակալ, համարում են, որ դա փորձ է Ռուսաստանի կողմից Արցախում ռուսական պրոքսի կառուցելու, ինչպիսիք են օրինակ, Օսեթիան և Աբխազիան: Նման սցենարից են, ինձ թվում է, ավելի շատ վախեցած Ադրբեջանում և դրա համար է այդ նախապայմանը դրվում: Հայաստանն, ըստ էության, այս խոսակցության մեջ՝ Ռուբեն Վարդանյանը պետք է մնա, թե պետք է գնա, իմ կարծիքով, ասելիք չունի և չպետք է մասնակցի այս խոսակցությանը, սա խոսակցություն է Արցախի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև:

«Ազատություն». - Հայաստանը պնդում էր, որ չի մասնակցելու նաև Լաչինի հարցով բանակցությունների, որովհետև դա արդեն կարգավորված է եռակողմ փաստաթղթով, բայց փաստորեն, ամերիկյան միջնորդությամբ ստացվում է՝ մասնակցեց, եթե Ալիևն այնտեղ առաջարկ է հնչեցնում՝ միջանցք բացելու վերաբերյալ:

Քոչինյան. - Ալիևի առաջարկ հնչեցնելը դեռ չի նշանակում, որ Հայաստանը դրան որևէ կերպ մասնակցել է կամ արձագանքել է, թեպետ չեմ բացառում, որ մասնակցել կամ արձագանքել է, իհարկե: Այդ առումով կարևոր է հիմա լսել՝ ինչ կհայտարարի վարչապետը, արդյոք կհայտարարի, որ մենք շարունակում ենք պնդել, որ Լաչինի միջանցքը կարգավորված է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ, որևէ նոր ասելիք այնտեղ այլևս չկա: Միևնույն ժամանակ իրողությունը հետևյալն է՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը և 9-ի պայմանավորվածության արդյունքում ստեղծված այդ ամբողջ տրամաբանական կոնստրուկտն այլևս չկա: Ինչը նշանակում է, որ անգամ ռուսական այս ամենավերջին երաշխիքները՝ Արցախի անվտանգության, այլևս գոյություն չունեն, որովհետև եթե այս ճարտարապետությունը չկա, ես չգիտեմ՝ ինչ ճարտարապետություն կա, բայց համենայնդեպս 9-ինը այլևս չկա: Հիմա եթե մենք սա արձանագրում ենք, սա հնարավոր է դարձնում նոր երկխոսությունը Ադրբեջանի հետ թեկուզ արդեն վաշինգտոնյան թրեքով:

«Ազատություն». - Երևանում խուսափում են գնալ Մոսկվա՝ բանակցությունների, մի անգամ դեկտեմբերին տապալվեց Լաչինի պատճառաբանությամբ, հիմա էլ օր չկա երևի, որ Զախարովան չասի՝ հրավիրում ենք, կանչում ենք, բայց դա չի կայանում:

Քոչինյան. - Այո, խուսափում են և այդ խուսափելը ես ընդհանուր պայմանավորում եմ շատ հստակ այն հիբրիդային հարվածներով և այդ հիբրիդային հարվածների նպատակով, որը կա Ռուսաստանում: Նպատակը ո՞րն է, Հայաստանից ստանալ Մեղրիում միջանցքը՝ փոխարենը բացել Լաչինի միջանցքը: Հիմա եթե մենք գնանք Մոսկվա, մենք սրա մասին պետք է խոսենք, դրա համար անիմաստ է գնալ Մոսկվա, որովհետև սրա մասին Հայաստանը չպետք է պարզապես խոսա, մենք չենք կարող փոխել Մեղրին Լաչինի հետ, դա համարժեք փոփոխություն չէ, ընդ որում, մի շարք պատճառներով համարժեք փոփոխություն չէ, ես դեռ չեմ խոսում ռազմավարական նշանակության մասին: Եկեք ավելի կոնկրետ բան ասեմ՝ Մեղրին Հայաստանի ինքնիշխան տարածքն է, Լաչինը որևէ կարգավիճակ չունեցող տարածք է, վաղը Լաչինը կարող է նորից փոխվել, մենք Մեղրիում արդեն զիջումն արած լինենք: Երկրորդը՝ Լաչինը բացվեց, եթե մենք Մեղրիում միջանցք տվեցինք, 3-4 օր հետո արդեն ադրբեջանցի հնագետները փակեցին, ոչ թե բնապահպանները, մենք ի՞նչ ենք անելու:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG