Մատչելիության հղումներ

Ալիև. Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ պայմանով


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ պայմանով, որ բանակցողը չպետք է լինի Ռուբեն Վարդանյանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջնորդությամբ այսօր Մյունխենում Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումից հետո: Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենի Անվտանգության համաժողովում մասնակցում էին Կովկասի անվտանգության թեմայով քննարկման:

Ալիևը վստահեցրել է, որ արդեն կան ձեռք բերված պայմանավորվածություններ. - «Որքան հասկանում եմ մեր ամերիկյան և Եվրամիության գործընկերների հետ շփումներից, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հետ այսօրվա եռակողմ հանդիպումից, մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ պետք է լինեն մոտեցումներ երկու ճանապարհով՝ հայ - ադրբեջանական խաղաղության բանակցություններ և Ադրբեջանի շփումները Ղարաբաղի հայ բնակչության հետ: Ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կլինեն բանակցություններ Ղարաբաղի հայ փոքրամասնության իրավունքների և անվտանգության հարցով», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ միաժամանակ բացառելով բանակցությունները Ռուբեն Վարդանյանի հետ, որը, Ալիևի բնորոշմամբ, «մաքսանենգ ճանապարհով» է հաստատվել Ղարաբաղում: «Պատրաստ ենք բանակցել, բայց հայ համայնքի այն ներկայացուցիչներ հետ, ովքեր ծնվել և ապրում են Ղարաբաղում, բայց ոչ Ռուսաստանից ներմուծված անձի հետ», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանի առաջնորդը չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի «միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություն» ասելով, արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է արցախահայերի հետ բանակցությունների միջազգային մեխանիզմի ներքո, ինչը նախկինում մերժել է՝ պնդելով, թե դա Ադրբեջանի ներքին գործն է, միջնորդները բացառված են: Փոխարենը Ալիևը նորից հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, փոքրամասնություն, կարող են օգտվել Ադրբեջանի Սահմանադրությամբ երաշխավորված անվտանգությունից, իրավունքներից, այդ թվում՝ լեզվի և մշակութային արտոնություններից:

Իլհամ Ալիևն ասել է, թե պետքարտուղար Բլինքենի ներկայությամբ էլ է հավաստիացրել, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել պրակտիկ շփումներ Ղարաբաղի հայ համայնքի հետ՝ կրկին հնչեցնելով պայմանը, որ «քրեական օլիգարխ» Ռուբեն Վարդանյանը հեռանա Ղարաբաղից:

XS
SM
MD
LG