Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարծքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների և բարեխիղճ բանակցությունների դաշտ, այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Միրզոյանը շեշտեց ԵՄ առքելության տեղակայման կարևորությունը, որ իր աշխատանքները մեկնարկեց երկու օր առաջ՝ վստահություն հայտնելով, որ այն իր դերն ունենալու է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ Հայաստանի արտգործնախարարը կարևորեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի անհապաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը։
«Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ոչ միայն ընդհանուր մարդասիրական իրավունքի, այլև իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոպտագույն խախտում է», - ասաց Միրզոյանը։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատեց՝ չնայած առկա մարտահրավերներին ու փորձություններին խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է։
«Չեմ տեսնում ոչ մի պատճառ փակելու այս միջանցքը մարդկանց համար»
Ընդգծելով, որ Լյուքսեմբուրգն և իր եվրոպական գործընկերները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը Լաչինի միջանցքով, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Ժան Ասելբորնը շեշտեց․ - «Չեմ տեսնում ոչ մի պատճառ փակել դռներն, այս միջանցքը մարդկանց համար, ովքեր բնակվում են Լեռնային Ղարաբաղում, ովքեր կկարողանան տեղաշարժվել։ Սա կապ է Հայաստանի հետ և պետք է սա հարգել»։
Անդրադառնալով խաղաղության բանակցություններին՝ Ասելբորնն ասաց՝ Լյուքսեմբուրգն աջակցում է եռակողմ խաղաղության բանակցությունների վերսկսմանը, ինչպես նաև աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելության հաստատմանը։
Ըստ Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ ԵՄ առաքելությունը Հայաստանում կլինի երկու տարի։ «Սկզբում կլինի100 դիտորդ, սա նույնպես կամրապնդի Եվրամիության հետ հարաբերությունները, Եվրամիությանն էլ ավելի մոտ կբերի Հայաստանին, և այս առաքելությունը կարող է կարևոր դեր խաղաղալ և նվազեցնել միջադեպերի թիվը։ Լյուքսեմբուրգը նույնպես անդամ ունի առաքելությունում, շատ փորձառու ոստիկան, ով պատրաստ է օգնել այս շատ կարևոր առաքելության շրջանակներում», - ասաց Ժան Ասելբորնը։