Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն երկկողմ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Վարչապետը կարևորել է «Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, այդ թվում՝ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու առումով»:
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը՝ խորացնելու Հայաստանի հետ բազմաոլորտ գործակցությունը:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:
Ժան Ասելբորնը այսօր նաև հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ միրզոյանի հետ, նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: