Մատչելիության հղումներ

Եռակողմ հայտարարության մեջ առկա է Լեռնային Ղարաբաղը, և փաստաթղթի տակ առկա է Ալիևի ստորագրությունը. Փաշինյան


Եռակողմ հայտարարության մեջ առկա է Լեռնային Ղարաբաղը, և այս փաստաթղթի տակ առկա է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, Մյունխենում հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե «չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն»։

«Մենք ունենք Լաչինի միջանցքը, որը պետք է ազատորեն գործեր։ Ի դեպ, համաձայն այդ եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, և սա համաձայն Ադրբեջանի նախագահի ստորագրության», - Մյունխենի համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։

Քննարկմանը մասնակցում էին նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:

Հայաստանի ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Լաչինի միջանցքի արգելափակման երրորդ ամիսն է ընթանում, և բարձրացրել Արցախում առկա հումանիտար ճգնաժամի հարցը, հավելել, որ կա նաև էներգետիկ ճգնաժամ, որովհետև էլելտրաէներգիայի մատակարարումը դեպի Արցախ կասեցված է։

Գազի մատակարարումը նույնպես կասեցված է, նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին 70 օրվա ընթացքում գազի մատակարարումը կասեցվել է առնվազն 10 անգամ։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում մենք ունենք շատ կոնկրետ կետեր Լաչինի միջանցքի հետ կապված, և համաձայն արդ հայտարարության, Ադրբեջանի և ռուս խաղաղապահների պարտականությունն է Լաչինի միջանցքը բաց պահել, բայց հիմա, դժբախտաբար, մենք ունենք բացարձակապես այլ իրավիճակ։ Մենք կարծում ենք, որ միջազգային ուշադրությունը պետք է սևեռված լինի այս իրավիճակի վրա, որովհետև մտավախություն ունենք, որ այս իրավիճակի շարունակականությունը կարող է պատճառել անդառնալի հումանիտար հետևանքներ Լեռնային Ղարաբաղի հայերի համար», - հայտարարել է նա։

Մինչդեռ, Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի իրավիճակին անդրադառնալով՝ ասաց, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը նախապայման է դրել՝ պատրաստ են գործնական շփումներ սկսել Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, եթե Ռուբեն Վարդանյանը լքի Արցախը, որն Ալիևը անվանել է «Ադրբեջանի տարածք»։

Մյունխենյան քննարկմանը Փաշինյանին հարց է ուղղվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, որին հայկական կողմը հումանիտար օգնություն ու փրկարարներ ուղարկեց։

«Հնարավո՞ր է, որ այս սարսափելի աղետն առիթ հանդիսանա ձեր հարաբերություններում փոփոխության համար», հարցրել են վարչապետին։

«Թուրքիա հումանիտար օգնություն ու փրկարարներ ուղարկելու որոշման հիմքում մենք ունեինք միայն մարդասիրական շարժառիթներ, քանի որ մեր հարևանությամբ միլիոնավոր մարդիկ էին տառապում, բայց այս ընթացքում մենք թուրքական կառավարությունից բավականին դրական ռեակցիայի ականատես եղանք, և եթե այս քայլն ունենա նաև քաղաքական հետևանքներ, դա կլինի էլ ավելի լավ», - արձագանքել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսությանը, նա նկատել է, որ «մարդասիրական երկխոսության կոնտեքստում քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորություններն էլ ավելի բարձր կլինեն»։

«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել և կարծում ենք, որ դիվանագիտական կապերի հաստատումը Թուրքիայի հետ և մեր սահմանի բացումը շատ դրական ազդեցություն կունենան ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի հետ կապված, այլ նաև միջազգային իրավիճակի առումով», - ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ ամբողջ միջազգային ուշադրությունը հասկանալիորեն սևեռված է Ուկրաինայի վրա, և դա հարավկովկասյան տարածաշրջանի համար նոր ռիսկեր է ստեղծում։

«Շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանը նույնպես արժանանա միջազգային ուշադրության, որովհետև կարծում եմ, որ շատ ռիսկեր կան», - նշել է նա։

XS
SM
MD
LG