Թեև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է պաշտոնավարել, օրերս էլ ամփոփում էր իր գործունեության 100 օրը, նախագահ Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնն արդեն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։
Գլխավոր դատախազն այսօր տեղեկացրել է՝ առաջարկ ստացել է՝ այս կերպ, ըստ էության, հաստատելով տեղեկությունները, որ առաջիկայում Հարությունյանը Վարդանյանին ազատելու է պետնախարարի պաշտոնից։
Գլխավոր դատախազության հանրային կապերի ղեկավար Կիմ Գաբրիելյանն այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Գուրգեն Ներսիսյանի խոսքերը. «Արցախի Հանրապետության նախագահի կողմից պետական նախարարի պաշտոնում աշխատելու մասին այդպիսի առաջարկ եղել է, այո: Գլխավոր դատախազը դեռևս որոշում չի կայացրել այդ կապակցությամբ»:
Չնայած գլխավոր դատախազը պնդում է, թե դեռ մտածում է պետնախարարի պաշտոնն զբաղեցնելու առաջարկի մասին, սակայն այս տեղեկությունն առաջինը հրապարակած արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը դեռ անցած շաբաթ հայտնել էր, որ Գուրգեն Ներսիսյանն արդեն որոշումը կայացրել է:
«Ես ասել եմ, որ իմ կարծիքով՝ հարգում եմ նրա որոշումը, որ ինքը պատրաստ է գլխավոր դատախազից անցնել պետնախարարի պաշտոնը ստանձնել», - ասել էր նա:
Ռուբեն Վարդանյանն առայժմ որևէ կերպ չի արձագանքել իրեն պաշտոնանկ անելու լուրերին, ինչպես նաև իր զբաղեցրած պաշտոնը գլխավոր դատախազին առաջարկելու Արայիկ Հարությունյանի քայլին։
Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ. խորհրդական
Պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն այսօր «Ազատությանն» ասել է, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ չունի, ամեն դեպքում Վարդանյանն ինքը հրաժարական չի տալու:
«Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ և առավել ևս հեռանալ Արցախից», - նշեց նա:
Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին լուրերն էլ ավելի ակտիվացան անցած շաբաթ Մյունխենում Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո:
Վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Իլհամ Ալիևը պայման դրեց՝ պատրաստ է խոսել Ղարաբաղի հայ բնակչության հետ, եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա «իրենց հողից»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Գագիկ Մելքոնյանը երեկ չթաքցրեց՝ կողմ են, որ Վարդանյանը հեռանա։
Մինչեռ պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը պնդում է՝ միամտություն է կարծել, որ Վարդանյանի հեռանալուց հետո Ադրբեջանը փոխելու է իր վերաբերմունքն Արցախի նկատմամբ։
«Սա իր հերթական քայլն է, որը, ցավոք, Հայաստանի իշխանությունները և այլ նաև հատվածներ միամտորեն հավատում են, որ եթե ինչ-որ մի բան զիջենք, Ադրբեջանը կանգ է առնելու: Որևիցե պարագայում Ադրբեջանը կանգ չի առնելու, սա հերթական քայլերից մեկն է, որը առնվազն հոգեբանական լուրջ խնդիր է առաջացնելու արցախահայության մոտ, որից հետո Ադրբեջանը շարունակելու է ու երբեք էլ չի թաքցնում, որ Արցախն իրեն պետք է առանց հայերի», - ասաց նա:
Ռուսաստանում երկար տարիներ բիզնեսով զբաղված Վարդանյանն անցած սեպտեմբերին տեղափոխվեց Արցախ՝ հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից։ Արդեն նոյեմբերին նախագահ Արայիկ Հարությունյանը նրան պետնախարար նշանակեց՝ խոստանալով տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ։ Վարդանյանը, բացի ուժայիններից, մի քանի նախարարություն է համակարգում, այդ թվում՝ արտաքին գերատեսչությունը։
Անցած շաբաթ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը՝ պետնախարարը շեշտել էր, որ շուրջ 70-ն անցել են շրջափակման մեջ։ Չէր թաքցրել՝ այդ ողջ ընթացքում աշխատել է «արտաքին ճնշումների ու նաև ներքին հակադրությունների պայմաններում»։
«Ես նորից վստահ ասում եմ, որ այս իրավիճակում, ծանր պայմաներում, որ մենք գտնվում ենք, դա չի նշանակում, որ պետք է հանձնվենք, դա չի նշանակում, որ մենք պետք է հուսահատվենք, և այդ կողմից մեր աշխատանքը ցույց տվեց այս 105 օրվա մեջ, որ դա հնարավոր է», - ասել էր նա:
Ի վերջո, պաշտոնանկ կանի՞ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին, և ամենակարևորը ի՞նչ պատճառաբանությամբ։ Հարցի պատասխանը հնարավոր է հնչի հենց վաղը։ Հարությունյանը հանդես է գալու ուղերձով, որի ընթացքում խոստացել է անդրադառնալ Արցախի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին վտանգներին և հետագա քայլերին: