Փորձագետ, Ժողովրդավարության ու անվտանգության կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն այնքան էլ մեծ սպասելիքներ չունի Մյունխենում շաբաթ օրը կայացած ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումից, ինչպես նաև «ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո խաղաղություն ապահովելու պատմական հնարավորության մասին» Էնթոնի Բլինքենի հայտարարությունից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մյունխենի եռակողմ հանդիպմանը քննարկվել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքը«Ինչպես գիտենք, ամերիկյան կողմը վերջին մեկ տարվա ընթացքում խոսում է այդ պատմական հնարավորության մասին, սակայն որևէ լուրջ առաջընթաց կարծես թե խաղաղության պայմանագրի օրակարգում չկա, և դրա հիմնական պատճառն այն է, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերի շուրջ», - ասաց Գրիգորյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:
«Գիտեք, որ սեպտեմբերին, ինչպես նաև հոկտեմբերի սկզբին կարծես թե պայմանավորվածություն էր ձեռք բերվել չներառել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կետեր խաղաղության պայմանագրի տեքստի մեջ, այսինքն՝ տարանջատել այդ երկու օրակարգերը: Սակայն նույն ժամանակահատվածում նույն ամերիկացիների ու եվրոպացիների նախաձեռնությամբ դաշտ բերվեց այսպես կոչված ուղիղ բանակցային մեխանիզմի թեման, այսինքն՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև: Եվ մեծ հաշվով, Երևանի դիրքորոշումը, ինչպես ես հասկանում եմ, այս փուլում այն է, որ քանի դեռ չկա հստակություն այդ մեխանիզմի ձևաչափի վերաբերյալ, քանի դեռ ադրբեջանական կողմը չի ընդունում, որ կարող է լինել միջազգային կոմպոնենտով նմանատիպ մեխանիզմ, խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բովանդակային համաձայնության գալը դժվար է լինելու», - ասաց փորձագետը՝ շարունակելով. - «Ադրբեջանը, իր հերթին, նշում է, որ այդ հարցը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր հարցերը իր ներքին գործն է, նրանք նշում են, որ չեն պատրաստվում այս հարցը քննարկել որևէ միջազգային դերակատարների հետ, և առավել ևս՝ Հայաստանի հետ»:
Դա է պատճառը՝ ինչու Գրիգորյանը մոտ ապագայում որևէ լուրջ առաջընթաց խաղաղության պայմանագրի օրակարգում չի ակնկալում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եռակողմ հայտարարության մեջ առկա է Լեռնային Ղարաբաղը, և փաստաթղթի տակ առկա է Ալիևի ստորագրությունը. ՓաշինյանՌազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը, մինչդեռ, կարծում է, որ «միանշանակ՝ հանդիպումը պետք է դրական գնահատել, գոնե միայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքի փակվելուց մինչ օրս սա բարձրագույն մակարդակով առաջին հանդիպումն էր»:
Մարգարյանը շատ կարևորեց այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում, եռակողմ ձևաչափով՝ ամերիկյան գործընկերների միջնորդությամբ և մասնակցությամբ, «քանի որ բոլորս գիտենք, որ ամերիկյան կողմը, արևմտյան թևը շատ ավելի հակված է, որպեսզի Հայաստան և Ադրբեջան ուղիղ շփումները իրականություն դառնան, և որպեսզի Հայաստան և Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհին առավելապես Հայաստանը և Ադրբեջանը միասին բանակցեն՝ առանց երրորդ կողմերի, ուժերի ազդեցության՝ տվյալ պարագայում մենք նկատի ունենք Ռուսաստանին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններն այս պահին ընթանում են ԱՄՆ միջնորդությամբ. իշխանական պատգամավորՀամաձայնություն հայտնելով Տիգրան Գրիգորյանի հետ, որ հանդիպումից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, Արմինե Մարգարյանը շարունակեց. - «Այնուամենայնիվ, եթե հետևենք այն հայտարարության տեքստին, որը հայկական կողմը տարածել է, ապա կարող ենք ասել, որ, ըստ էության, կողմերը խոսել են, անդրադարձել են խաղաղության պայմանագրի այդ նախագծի շուրջ ընթացող գործընթացին: Սա բավական, կարծում եմ, պետք է ամուր դիրքերի վրա դրված լինի այդ եռակողմ հանդիպման ժամանակ»:
Փորձագետը շատ կարևորեց նաև, որ հայտարարության տեքստը հղում է անում Պրահայի գործընթացին կոմունիկացիաների բացման և դելիմիտացիայի գործընթացների առումով. - «Այսինքն՝ կարող ենք այստեղից ենթադրել, որ հայկական կողմը բարձրացրել է նորից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների օկուպացիան և ադրբեջանական զորքերի դուրսբերումը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քառակողմ հանդիպման հայտարարությունում երկու կարևոր արձանագրում կա«Եվ, իհարկե, խոսել է նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին», - նշեց Մարգարյանը՝ հավելելով. - «Մոտավորապես այս ամեն ինչը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ Ադրբեջանը ոչ շահեկան՝ համեմատ մեզ, իրավիճակում է եղել այդ հանդիպման շրջանակներում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով տարանցման անհրաժեշտությունը«Որպես գործընթաց, որպես հերթական քայլ՝ բանակցային գործընթացի ընթացքում շփումներին միտված, կարծում եմ՝ պետք է ընդհանուր առմամբ գնահատենք դրական», - ամփոփեց Արմինե Մարգարյանը:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.