«Մենք որոշակի մտահոգություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված, և այդ մտահոգությունները հանրային են եղել», - Մյունխենում Հարավային Կովկասին առնչվող քննարկման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ուղիղ չպատասխանեց հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանը լքի ՀԱՊԿ-ը, միայն նշեց, որ հարցերը բարձրացրել են գործընկերների մոտ, սակայն մտահոգությունները դեռ առկա են:
«Աշխատում ենք այդ հարցերին, մտահոգություններին լուծումներ գտնելու ուղղությամբ», - հավելեց վարչապետ Փաշինյանը։
Մի քանի օր առաջ խորհրդարանում անդրադառնալով Հայաստանում ՀԱՊԿ դիտոդների փոխարեն ԵՄ առաքելության տեղակայմանը՝ Փաշինյանն արձանագրել էր, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից խնդրել է «ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ասել իրենց պատկերացումը, թե որն է Հայաստանի Հանրապետությունը»։ «Մենք էս հարցի հստակ պատասխանը չենք ստացել», - շեշտել էր նա։