ԱՄՆ-ի պետքարտուղարի միջնորդությամբ և մասնակցությամբ այսօր Մյունխենում կայացավ Բլիքեն-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը։
«Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես պատմական հնարավորություն ունեն ապահովելու կայուն խաղաղություն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո», - հանդիպման մեկնարկին մամուլի համար կարճ հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղարը։
Բլինքենը նշել է, որ կողմերն իրենք են վերականգնել ուշադրությունը խաղաղ գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ երկխոսության միջոցով, ինչպես նաև Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է հնարավորն անել՝ աջակցելու ջանքերին, լինի դա ուղիղ կամ եռակողմ ձևաչափով, ինչպես այսօրվա հանդիպումը, կամ՝ միջազգային այլ գործընկերների հետ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման մեկնարկին հայտարարություն չեն արել։
Հանդիպումից հետո Հայաստանի կառավարության հաղորդագրությունում մասնավորապես ասված է, որ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:
«Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:
Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը», - ասված է հաղորդագրությունում:
Նույնպես այսօր, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները մասնակցում են Մյունխենի Անվտանգության 59-րդ ամենամյա համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով:
Տե՛ս նաև այստեղ