«Հայաստան» հիմնադրամի աջակցությունն արցախցիներին՝ շուրջ 100 տոննա մարդասիրական բեռ Արցախ չի հասել:
«Այսօր էլ խոսել ենք և, վերջին տվյալներով, դեռևս գտնվում է Գորիսի պահեստում մեր տրամադրած հումանիտար աջակցությունը», - «Ազատությանը» փոխանցեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Արշամյանի տեղեկացմամբ, շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ ու հնդկաձավար է, այն, ինչ հենց Արցախի կառավարությունն էր խնդրել նախորդ տարեվերջին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստից հետո։ Այդ նիստում Արցախին հրատապ աջակցելու հարցն էր քննարկվում։
Արցախի սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը տեղ հասցնելու ուղղությամբ: Հիմնադրամի բեռը տեղ չհասած՝ խոսակցությունների թեմա է դարձել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հոսանքի անջատումներ, գազի բացակայություն, կտրոնով տրամադրվող մթերք. Արցախն այսօր«Այնտեղ՝ Արցախում ինչ-որ շահարկումներ կային կապված նույնիսկ անորակ բրնձի հետ, որ այնտեղ բաժանվել է, նաև մեզ են մարդիկ ֆեյսբուքյան էջով գրում՝ ո՞ւր է ձեր տրամադրած օգնությունը և այլն», - ասաց Արշամյանը։
Նա շեշտում է՝ հիմնադրամի մթերքը տեղ հասնելուն պես բաշխվելու է սոցիալապես անապահով արցախցիներին, բնականաբար, անվճար։
45-րդ օրն է ադրբեջանցիները փակ են պահում Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Սնունդ, դեղորայք, առանջին անհրաժեշտության պարագաներ արցախցիները հիմնականում չեն ստանում։ Շրջափակման պատճառով, բնականաբար, շինանյութ էլ չի ներկրվում։
Հիմնադրամի տնօրենի տեղեկացմամբ, այս պահին դադարել են իրենց բոլոր բնակարանաշինական ծրագրերը։ Հիմնադրամը տեղահանված ընտանքիների համար 700 տան ու բնակարանի շինարարություն էր սկսել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շրջափակման հետևանքով շուրջ 5000 արցախցի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը