Մատչելիության հղումներ

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բլինքենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։

«Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում», - ասված է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի մասին իր թվիթերյան էջում գրառում է արել Բլինքենը՝ նշելով. «ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել այդ ջանքերին»:

Ադրբեջանի նախագահն, իր հերթին, կրկնել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ հերքելով Լաչինի միջանցքի փակ լինելը: Իլհամ Ալիևն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկայացրել է, որ ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն այս ընթացքում այնտեղով անցել են:

Ալիևն ընդգծել է, որ պետք է դադարեցնել հանքավայրերի «անօրինական շահագործումը Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, այնտեղ պետք է ապահովվեն Ադրբեջանի կողմից մշտական մոնիտորինգ և ստուգումներ։ Բացի այդ, Ալիևը հավելել է, որ «հայաստանյան ականները ապօրինի տեղափոխվել են Լաչինի ճանապարհով»։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որը պետք է պարունակի միայն երկկողմ հարաբերությունների կարգավորում՝ «հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ սկզբունքների վրա»։

Բլինքենը նաև Հայաստանի վարչապետի հետ էր հեռախոսազրույց ունեցել մի քանի օր առաջ: Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան գրառում արեց, թե Փաշինյանի հետ խոսել է Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ քննարկումները վերսկսելու քայլերի մասին։

Վարչապետը նշել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ արդեն 43 օր: Ադրբեջանական կողմը երեկվանից կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ջեռուցման բացակայության պատճառով չեն գործում Արցախի բոլոր դպրոցները, շուրջ 20 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից: Արցախում կտրոններով են ապրանքներ տրամադրում։

XS
SM
MD
LG