Այսօրվանից Արցախում հազարավոր երեխաներ անորոշ ժամանակով դպրոց ու քոլեջ չեն գնա։ Շրջափակման 39-րդ օրը Արցախում շարունակում են ապրել առանց գազ ու հարմարվել հոսանքի հովհարային անջատումներին։ Ցրտի, սննդի զգալի պակասի պայմաններում մանկապարտեզներն էլ արդեն 2 շաբաթ չեն գործում։
Արցախի Կրթության նախարարությունից հաղորդում են, որ հնարավոր չէ կազմակերպել անգամ երեխաների օնլայն կրթությունը, քանի որ հոսանքի տատանումների հետևանքով ինտերնետ կապն էլ կայուն չէ։
Ինգա Ղարայանի 3 տղաները՝ Գրիգորին, Արմենն ու Արսենը երեկոյան պատրաստվել էին հաջորդ օրվա դասին. առավոտվա լուրը տղաներին տխրեցրել էր. - «Ճիշտն ասած շատ անտրամադիր էին, անգամ, որ երեխաս լացեց, հիմա տանը նստած զբաղվում են իրանք իրանցով, հիմա հոսանք էլ չունենք»:
Աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումներով են աշխատելու նաև Արցախի պետական հաստատությունները։ Աշխատանքի կներկայանան միայն նրանք, ում ներկայությունը պարտադիր է։
Արցախում էներգիայի խնայողության այս ռեժիմին անցան, երբ տասն օր առաջ վթարվեց Հայաստանից մտնող միակ հոսանքի գիծը: Ըստ Ստեփանակերտի՝ վթարը ադրբեջանական վերահսկողության տակ անցած Աղավնո-Բերձոր հատվածում է, ադրբեջանցիները թույլ չեն տալիս վերանորոգել այն։ Այժմ այնտեղ միայն տեղական հոսանք է սպառվում։ Գազ էլ արդեն երկու օր չկա, Արցախից հայտնում են, որ Ադրբեջանն է փակել Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարը։
Արցախի 120 հազար բնակիչները մեկ ամսից ավելի նաև սննդամթերքի, դեղի ու այլ անհրաժեշտ ապրանքների խիստ պակաս ունեն։ Երեկվանից կտրոններ են բաժանվում։ Արդեն շաբաթավերջից արցախցիները դրանցով անձի հաշվով մեկ լիտր ձեթ, մեկական կիլոգրամ բրինձ, մակարոն, հնդկաձավար ու շաքարավազ կարող են գնել մեկ ամսվա համար։ Անգամ կտրոն վերցնելն է խնդիր, հոսանքի անջատումների պատճառով դրանք տրամադրող կետերն էլ են խափանումներով են աշխատում։
Ստեփանակերտից Քրիստինե Բալայան ասում է՝ մեկ է՝ այդ չնչին մթերքն էլ պատրաստել չեն կարող. «Էդ կես կիլո բրինձն էլ չենք կարողանում պատրաստել, որովհետև ո՛չ հոսանք կա, ո՛չ գազ կա, շատ ա դժվար էդ պահերին»:
Քրիստինեն, ինչպես բազմաթիվ արցախցիներ, շրջափակման հետևանքով, իր զավակի կողքին չէ։ Արցախցի կնոջ դպրոցական դուստրը Երևանում է։ Նախօրեին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ վերադարձած 19 անչափահասների շարքում կնոջ երեխան չկար։
Շուրջ 40 օր տնից կտրված երեխաներին ադրբեջանցիները կանգնեցրել էին, ապա փակ դեմքերով մտել մեքենա ու նկարահանել նրանց։ Մասնագետներն ահազանգում են՝ սա հոգեբանական տեռոր է։
Պաշտոնական Երևանը կատարվածին այսօր արձագանքեց: «Ցնցված ենք Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Արտգործնախարարությունն ակնկալում է միջազգային կառույցների հստակ գնահատականը կատարվածի վերաբերյալ՝ նմանօրինակ նոր դեպքեր թույլ չտալու համար։
Շրջափակման ընթացքում փակված Լաչինով ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի մեքենաներն են միայն անցնում, միջազգային կազմակերպության ուղեկցությամբ այսօր ևս երկու հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ։ Մինչ այս Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 38 քաղաքացի։