Մատչելիության հղումներ

Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն. Միրզոյան


Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար, նրան պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Քանի որ Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը, նշել է նախարարը՝ շեշտելով, որ ինչպես անցյալ շաբաթ նշվել է Եվրախորհրդարանի արտահերթ բանաձևում, տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմինների անխոչընդոտ մարդասիրական մուտքի ապահովումը խիստ անհրաժեշտ է:

«Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։ Գործելու ժամանակը հիմա է», - միջազգային գործընկերներին դիմել է նախարար Միրզոյանը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պնդմամբ՝ արդեն 44 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել իրենց տներն ու հայրենի հողը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որով առաջարկում էր վտարել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ևս մեկ անգամ ապացուցում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրությունը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի կայունության գործում Եվրամիության դերին ու ներդրմանը, նախարարը ևս մեկ անգամ ողջունել է ԵՄ խորհրդի կողմից նախօրեին կայացված որոշումը Հայաստան երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն գործուղելու վերաբերյալ։

«Այս առաքելության նպատակը մարդկանց անվտանգությունն է՝ սահմանամերձ շրջաններում ապրողների, դպրոց հաճախող երեխաների, իրենց գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց և այն ընտանիքների, որոնք ցանկանում են ապրել իրենց տներում՝ չվախենալով թիրախում հայտնվելուց», - հավելել է նա:

Բաքուն, անդրադառնալով այս որոշմանը, հայտարարել էր, թե ԵՄ առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է երկխոսության մեխանիզմների համար:

XS
SM
MD
LG