Մատչելիության հղումներ

Արցախում քննարկվել է էներգամատակարարման և գազամատակարարման հետ կապված ընթացիկ իրավիճակը


Արցախի օպերատիվ շտաբն այսօր քննարկել է էներգամատակարարման և գազամատակարարման հետ կապված ընթացիկ իրավիճակը, հայտնում են պետնախարարի գրասենյակից:

Ադրբեջանական կողմի միջամտությամբ Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի խափանման և գազամատակարարման՝ պարբերական դարձած անջատումների պայմաններում էլեկտրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, նշվել է նիստին:

Փաստացի էլեկտրաէներգիայի մատակարարումը ներկայումս իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին, ինչի պատճառով համակարգը շատ ծանրաբեռնված է, ավելանում են վթարների թիվը, հաղորդում է պետնախարարի գրասենյակը: Այս իրավիճակում ոլորտի պատասխանատուները հորդորում են բնակչությանը՝ առավելագույնս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան:

Շրջափակման 43-օրը Արցախում կրկին գազ չկա. Ստեփանակերտը երեկ տեղեկացրեց՝ ադրբեջանցիները դարձյալ արգելափակել են Հայաստանից մտնող միակ գազատարը։ Բացի այդ, երկու շաբաթ է, հոսանքի խնայողական ռեժիմի են անցել։ Քաղաքացիները օրական 6 ժամ հոսանք չեն ունենում։

Ջեռուցման բացակայության պատճառով չեն գործում Արցախի բոլոր դպրոցները, շուրջ 20 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից։ Սահմանափակումներով են աշխատում նաև պետական հիմնարկները։

Պաշտոնական տվյալներով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված ավելի քան 4000 արցախցի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։ Գործատուները նրանց աշխատանքով ապահովել չեն կարողանում։

Լաչինի միջանցքը փակ է ուղիղ 6 շաբաթ։ Նախորդ ուրբաթ մեկնարկեց կտրոններով սննդամթերքի տրամադրումը։ Այս հարցը ևս այսօրվա նիստին քննարկվել է: Ընդհանուր առմամբ դրական համարելով համակարգի ներդրման ընթացքը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է ամփոփել և ներկայացնել գործընթացի ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

XS
SM
MD
LG