Մատչելիության հղումներ

Մեկական կիլոգրամ մակարոնեղեն, բրինձ, շաքարավազ, ձեթ. Արցախում սկսել են կտրոններով ապրանքներ տրամադրել


Շրջափակման 40-րդ օրն Արցախի խանութներում սկսել են կտրոններով ապրանքներ տրամադրել։ Այսօրվանից յուրաքանչյուր անձի հաշվով քաղաքացիները մեկական կիլոգրամ հնդկաձավար, մակարոնեղեն, բրինձ, շաքարավազ ու ձեթ կարող են վերցնել մեկ ամսվա համար։

Այսքան կհերիքի՞ Լուսինե Հայրիյանի բազմազավակ ընտանիքին, ամուսնու ու հինգ դուստրերի հետ Ստեփանակերտում բնակվող կինն ասում է՝ այլ ճար չունեն.

«Պետք է խնայողաբար օգտագործենք, մարդ կա մի հոգի է, պետք է խնայողաբար օգտագործի մինչև փետրվարի 5-ը», - ասաց Հայրիյանը:

Արցախի իշխանությունները հավաստիացնում են՝ ապրանքները սահմանված կարգով ձեռք բերելու դեպքում կբավականացնեն բոլորին։

Արցախի գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փոխտնօրեն Նարեկ Հարությունյանն ասում է՝ անհարկի գնումների կարիք չկա:

«Համայնքներում ապրանքները առաքվելու են ըստ բնակչության բնակվող թվաքանակի, իսկ ստեփանակերտում և շրջկենտրոններում ըստ վաճառակետերի վաճառքի ծավալի», - նշեց Հարությունյանը:

Սննդամթերքի, դեղորայքի խիստ պակասից բացի քաղաքացիներն առայժմ նաև հոսանքի խնդիր ունեն: 10 օր շարունակ այնտեղ նաև էներգիայի խնայողական ռեժիմ է գործում։ Վթարված հոսանքի գիծը, Ստեփանակերտի հաղորդմամբ, ադրբեջանական կողմը չի թողնում վերանորոգել։ Արցախցիների հոսանքն օրվա ընթացքում պարբերաբար անջատվում է։ Հովհարային անջատումների ժամանակացույցն էլ անընդհատ թարմացվում:

«Ինչ արվում է, արվում է ներքին ռեսուրսների հաշվին, և այդ հովհարային անջատումները նրա համար են, որպեսզի մենք ունեցած պաշարը հնարավորինս արդյունավետ օգտագործենք», - ասաց «Արցախէներգո» ընկերության փոխտնօրեն Տիգրան Գաբրիելյանը:

Գաբրիելյանը հորդորում է եղած հոսանքն էլ խնայելով ծախսել. «Հասկանում եմ, որ ջեռուցման հետ խնդիր կա, բայց հակառակ դեպքում վթարվում է գիծը և հոսանքազրկվում են ոչ միայն իրենք, այլ նաև իրենց հարևանները և շրջապատում ապրող թաղամասի բնակիչները»:

Ստեփանակերտից հայտնում են՝ ադրբեջանական կողմը մասամբ բացել է ՀՀ-ից Արցախ մտնող միակ գազատարը

Նախորդ 3 օրերին Արցախում գազ նաև չկար։ Այսօր Ստեփանակերտից հայտնեցին՝ ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից եկող միակ գազատարը, սակայն թույլ ճնշման պատճառով մատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սահմանափակ ծավալով մատակարավող կապույտ վառելիքն առայժմ հասանելի կլինի Ստեփանակերտի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար:

Ջեռուցման բացակայության պատճառով երեկվանից չեն գործում Արցախի բոլոր դպրոցները, շուրջ 20 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից։ Առայժմ հայտնի չէ՝ գազամատակարարման մասնակի վերականգնումից հետո կվերանայվի այս որոշումը, թե ոչ։ Աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումներով են աշխատում նաև Արցախի պետական հաստատությունները։ Գրասենյակներ են գնում միայն նրանք, ովքեր չեն կարող հեռավար աշխատել։

Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի ակցիան բնապահպանական է ու ճանապարհն էլ բաց է։ Շրջափակման վեց շաբաթների ընթացքում, սակայն, Լաչինի միջանցքով են անցնել միայն ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի ավտոմեքենաները։ Կարմիր Խաչի օգնությամբ այսօր ընտանիքներ են վերամիավորվել. Արցախից Հայաստան են տեղափոխել 4 մարդու, մեկին էլ հակառակ ուղղությամբ։

XS
SM
MD
LG