Մատչելիության հղումներ

Շրջափակման հետևանքով շուրջ  5000 արցախցի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը


Շրջափակման 43-օրը Արցախում կրկին գազ չկա. Ստեփանակերտը երեկ տեղեկացրեց՝ ադրբեջանցիները դարձյալ արգելափակել են Հայաստանից մտնող միակ գազատարը։

«Անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն», - հայտարարում են Արցախից։

Ցուրտ ձմռանն արցախցիները նաև զրկված են կայուն էլեկտրաէներգիայից։ Երկու շաբաթ է, այնտեղ հոսանքի խնայողական ռեժիմի են անցել։ Քաղաքացիները օրական 6 ժամ հոսանք չեն ունենում։

Արցախում այժմ ունեցած ներքին ռեսուրսների հաշվին են հոսանք տալիս։ «Ծանրաբեռվածության պատճառով վթարներից խուսափել հնարավոր չի լինում, հետևաբար անջատումներն ավելի են երկարում», - ասում է «Արցախէներգո» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը. - «Բնակչությունը հոսանքը տալուց հետո միանգամից իրենց ջեռուցիչ սարքերը, սարքավորումները, լվացքի մեքենաները միաժամանակյա միացնելուց առաջանում է խիստ բեռնվածքի բարձրացում, որի պատճառով էլ վնասվում են էդ մալուխները»։

Ջեռուցման բացակայության պատճառով չեն գործում Արցախի բոլոր դպրոցները, շուրջ 20 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից։ Սահմանափակումներով են աշխատում նաև պետական հիմնարկները։

Պաշտոնական տվյալներով, շրջափակման հետևանքով շուրջ 5000 արցախցի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։ Գործատուները նրանց աշխատանքով ապահովել չեն կարողանում։

Լաչինի միջանցքը փակ է ուղիղ 6 շաբաթ։ Նախորդ ուրբաթ մեկնարկեց կտրոններով սննդամթերքի տրամադրումը։ Ամեն մեկին մեկ ամսվա ընթացքում մեկական կիլոգրամ մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքար ու ձեթ է հասնում։ Այստեղ էլ, սակայն, խնդիրներ եղան. պարզվեց, որ բաժանված երեք տեսակի բրինձներից մեկի համն ու հոտն այն չի եղել։ Այդ խմբաքանակը հեռացվել է վաճառքից և ուղարկվել փորձաքննության։

Սննդամթերքի ու ջեռուցման խնդիրներից բացի, Արցախում նաև դեղորայքի խիստ պակաս կա։ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի բուժքույր Աշխեն Գրիգորյանն ասում է, որ միայն առաջին բուժօգնության միջոցներն են մնացել. - «Առաջին օգնությանը դեղերը դեռ կա... մյուս դեղերը ապտեկաներում արդեն չկա համարյա։ Ինչ որ բուժկետում կա, ես դրանով առաջին օգնությունը ցուցաբերում եմ, հետո արդեն ուղարկում եմ հիվանդանոց»։

Արցախում պլանային վիրահատություններ չեն իրականացվում, այսօր Կարմիր Խաչի օգնությամբ ևս չորս հիվանդ է տեղափոխվել Հայաստան, շրջափակաման 6 շաբաթներին տեղափոխվածների թիվն արդեն հասնում է 46-ի։ Փակված Լաչինով անցնում են միայն Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների ավտոմեքենաները։

Դեռ որքա՞ն կդիմանան շրջափակված արցախցիները։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանին այս հարցն է ուղղել բրիտանական BBC-ի Hard Talk հաղորդման հեղինակը։ «Շատ ամուր ենք հայրենիքում ապրելու մեր ցանկության մեջ։ Մենք պաշտպանում ենք մեր տարածքն ու հավատում մեր արժեքներին։ Բոլոր դժվարություններով հանդերձ, հավատում եմ, որ մարդիկ պինդ կմնան»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG