Ամանորից մեկ օր առաջ Արցախի խանութներում միայն համեմունք է մնացել ու խմիչք, ևս տասը օր, ու սով կսկսվի, ասում է ստեփանակերտցի Նունե Առաքելյանը:
«Խանութներում համարյա ոչ մի բան չկա: Այսօր ես գնացի: Մանավանդ մեր տեղական մթերքներ չկան: Գուցե Նոր տարվա հետ է կապված, բայց ոչ մի բան չկա: Հացը դեռ կա», - նշում է նա:
Նունեն ասում է՝ շրջափակման առաջին օրերին մարդիկ խանութներից մեծ քանակով գնումներ են արել՝ խնայելով ձգում են, մինչև .. 19 օր է Արցախը բլոկադայի մեջ է. «Մեզ լքված ենք զգում ճիշտն ասած, բայց էլի ուժեղ ենք»:
Ամենադժվարը, սակայն, ըստ Նունեի, մարդկանց հոգեկան ապրումներն են. «Բարոյական դժվարություն է, ճիշտն ասած, որ 21-րդ դարում կարելի է մի ամբողջ ժողովուրդ սենց վիճակում պահել, և ոչ մեկը ոչ մի բան չի անում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի իշխանությունները պետք է փորձեն որևէ երկխոսություն ունենալ Ադրբեջանի հետ. Արսեն ԹորոսյանԲարդ ու ծանր, այսպիսին է ավարտվող տարին Արցախի համար. արցախի պետնախարարն այսօր տարեվերջյան խորհրդակցության ժամանակ շեշտել է՝ տարին բյուջետային մեծ դեֆիցիտով են փակում, տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվել:
«Մեծ ջանքեր են պետք»,-ասել է Ռուբեն Վարդանյանը։
Արցախն աշխարհին կապող միջանցքը փակած ադրբեջանցիները դեռ տեղում են, կարծես մտադիր էլ չեն հեռանալ: Նրանք այսօր տոնածառ են տեղադրել, և քանի որ իրենք իրենց բնապահպան են անվանում, տոնածառն էլ բնական չէ, պլաստիկ շշերով է։
«Նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանին հատուկ ծառայություններում: Ի դեպ, եթե Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրվեն և ստուգեն, թե վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կզարմանանք, քանի որ այդ թիվը զրո է։ Այսպիսով, սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է, և իրականում բնապահպանական շարժում չէ», - ադրբեջանցի ցուցարարների ու Արցախում ստեղծված իրավիճակի մասին Արցախի պետնախարարը խոսել է երեկ France 24 հեռուստաընկերության ուղիղ եթերում։
Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ 120 հազար մարդ ձմռանը մնացել է առանց վառելիքի, սննդի, դեղորայքի, հարյուրավոր երեխաներ ծնողներից բաժանված են։ Իսկ պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ «ճամփան բոլորովին էլ փակ չէ», այստեղով պարբերաբար անցնում են ռուս խաղաղապահների շարասյուները, Կարմիր խաչի մեքենաները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվս երեք հիվանդ Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվեց ՀայաստանՑուցարարները, սակայն, չեն անդրադառնում հարցին, թե ինչու են ծանր առողջական վիճակում գտնվող մարդիկ Երևան տեղափոխվում Կարմիր խաչի միջնորդությամբ ու մեքենաներով։ Այսօր երեք հիվանդներ են տեղափոխվել, նրանցից երկուսը սրտային ծանր խնդիրներ ունեն, մյուսը՝ քաղցկեղ:
«Երեք հիվանդ ու երկու ուղեկցող հետները տեղափոխվեցին Երևան Կարմիր խաչի միջնորդությամբ», - նշում է Արցախի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Մհեր Մուսայելյանը:
Բլոկադայի 19 օրերի ընթացքում միայն 8 ծանր հիվանդների է հնարավոր եղել տեղափոխել Արցախից։ Ստեփանակերտի մանկական ռեանիմացիայում 12 փոքրիկ կա, ծանր վիճակում գտնվող 11 հիվանդներ Հանրապետականում են։ Արցախում պլանային վիրահատությունները դադարեցված են, խնայողական ռեժիմի են անցել բոլոր ոլորտներում և ընտանիքներում:
«Մենակ էն, որ Նոր տարի չենք նշում ոչ մի ձևի, իմ երեխեքի համար իրենց թխվածքը չեմ պատրաստում, իրենց ճաշակները չեմ պատրաստում, հիմնականում խորոված միս է լինելու, էն էլ կա՝ դրա համար էլի: Մենակ էդ է, որ մի քիչ նեղվում ենք դրանից, իսկ ընդհանրապես, այո, մեր հոգեպես նեղվածությունն է, որ Արցախն այս վիճակում է, ու որ Աստված չանի, ժամանակավոր չլինի կամ ավելի երկար ձգվի, այ դա արդեն իսկական աղետ կլինի», - նշում է Ստեփանակերտի բնակչուհի Վիկտորիա Պետրոսյանը:
Վիկտորիա Պետրոսյանը մեկ ամսական Աստղիկի, 5 և 4 տարեկան Արփիի ու Արթուրի մայրիկն է, հույսն այն է, որ այս դժվարությունը ժամանակավոր է: Տանը տոնական միայն մեկ բան կա՝ տոնածառն է. «Երբ զանգում եմ ամուսնուս, ասում եմ՝ տանն էս ինչ բանը պակաս է, բերի երեխեքին անհրաժեշտ ինչ-որ բան, ու ինքն ասում է, որ խանութները դատարկ են, բան չկա, արդեն իրոք հասկանում ես, որ վատ վիճակում ենք էլի»:
Վաղվա մենյուում խորոված է, փոքրիկներն էլ գիտեն, սպասում են:
«Մի օր էլ քնենք, վեր կենանք, - Վիկտորիայի որդին վստահ է ասում, - Ձմեռ պապը կգա»:
Ո՞ր ճանապարհով, ծիծաղում է Վիկտորիան: