Լաչինի միջանցքի փակման պայմաններում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ:
Թե ինչ քայլեր են ձեռնարկելու, առաջիկայում կհայտնեն: Արցախի ճանապարհային շրջափակումից բացի երեկ երեկոյան Ադրբեջանը խափանել է նաև Արցախի գազամատակարարումը:
Արցախից հայտնում են՝ եղանակային նման պայմաններում գազամատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որ հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ստեղծված իրավիճակում գազով ջեռուցվող կրթական հաստատություններն այսօրվանից անորոշ ժամանակով կդադարեցնեն աշխատանքները:
«Ստպված ենք լինելու դպրոցները փակենք և վաղվանից դպրոցները չեն աշխատելու այնտեղ, որտեղ չկա փայտի վառելիքով ապահովվող տաքություն։ Մենք չգիտենք ինչքան ժամանակ է լինելու էս վիճակը։ Մենք ամեն ինչ անում ենք, որ էս վիճակի մասին իմանա ամբողջ աշխարհը, որ ամբողջ աշխարհը տեսնի Ադրբեջանի իսկական դեմքը, որ իրենք հասկանան, որ անհնարին է, որ մենք ապրենք ինչ-որ ձևով իրենց հետ հարաբերություն ունենալով սենց մոտեցումով, որ իրենք են ցուցաբերում՝ ձմեռը փակելով ճանապարհը և փակելով գազի մատակարարումը», -հայտարարեց Վարդանյանը։
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ի առավոտից։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել, խարույկ վառել, ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները:
Արցախից հաղորդում են, որ Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:
Իրավիճակի կապակցությամբ Թվիթերում գրառում է արել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը։
«Փակելով Լաչինի միջացքն ավելի քան 120 հազար երեխաներ, ծերեր, կանայք և տղամարդիկ կտրված են Հայաստանի և ողջ աշխարհի հետ կենսական կապից: Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։ Միջազգային հանրության հրատապ և թիրախավորված արձագանքը պարտադիր է», - երեկ երեկոյան գրել է Հայաստանի նախագահը:
Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր տեղեկագրում անդրադարձել է փաստին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ երթևեկությունը։ Տեղեկագրում ոչինչ նշված չէ ոչ ադրբեջանական կողմի պահանջների, ոչ էլ բանակցությունների հնարավոր արդյունքների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինի միջանցքը շարունակում է երկկողմանի փակ մնալ