Արցախի խորհրդարանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջում՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխարգելելու ուղղությամբ գործնական քայլեր կիրառելու համար։
Այսօր արտահերթ նիստում ընդունված հայտարարությամբ, Արցախի Ազգային ժողովը նաև կոչ է անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի այդ քաղաքականությունը։
Արցախցի խորհրդարանականները շեշտում են, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր՝ Արցախի և Հայաստանի միջև անխափան ցամաքային կապի վերականգման և Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: Ռուսաստանի Դաշնությունից էլ ակնկալում են, «որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը , ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը»:
«Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը», - մասնավորապես, ասված է հայտարարությունում:
Լաչինի միջանցքի հարցով այսօր անվտանգության խորհրդի նիստեր են տեղի ունեցել թե՛ Երևանում, թե Ստեփանակերտում։
Արդեն ավելի քան 24 ժամ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Ադրբեջանցի ցուցարարները պահանջում են հանդիպում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Շաբաթ առավոտյան Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե մոնիտորինգ են սկսում Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում, նույն օրը մի խումբ ադրբեջանցիների փորձել էին հանքեր մտնել, բայց արցախցիների արգելքին էին հանդիպել։ Երկուշաբթի օրը, ի նշան բողոքի, ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը։