Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիայի մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են անում դատապարտել Ադրբեջանի քայլերը


Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով բազմաթիվ արցախցիներ, նրանց թվում երեխաներ արդեն երկրորդ օրն է Հայաստանում են, չեն կարողանում վերադառնալ տուն։

«Ես ուզում եմ, որ բոլորի հայրերը գան տուն և խաղաղություն լինի աշխարհում և որ ոչ մի վախ չառաջանա երեխաների և ծնողների մոտ», - ասաց Ինեսա Գրիգորյանը:

10-ամյա Ինեսան Երևան էր եկել մանկական Եվրատեսիլի համար. երեկ ընկերների հետ պետք է Ստեփանակերտ վերադառնար, երբ իմացան՝ ճանապարհը փակ է։ Անհանգստացած է, բայց ոչ այնքան, որ ստիպված են սպասել։

«Մեր հայրերը հիմա պոստերում են գտնվում, այնտեղ շատ վտանգավոր է, մենք դրա համար ենք շատ անհանգստանում ու մեր մայրիկների համար, որովհետև նրանք մի քիչ վախ ունեն, որ ինչ-որ բան կլինի, բայց ես հույսով եմ, որ Ստեփանակերտին ոչ մի բան չի լինի», - նշեց 10-ամյա Ինեսան:

Փակ ճանապարհի պատճառով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիներ ադրբեջանական կողմի քայլերը դատապարտելու համար բողոքի ակցիա էին կազմակերպել: Միացել էր նաև Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։ Պաշտոնյան հայտարարում է՝ միջազգային հանրությունը պետք է հերթական կոչերի փոխարեն գործուն քայլեր ձեռնարկի։

«Արցախում ստեղծված իրավիճակը ոչ թե ընդամենը ճանապարհի փակում է կամ հերթական Ադրբեջանի սադրանքն է, այլ փաստացի արդեն մեկ օրից ավելի Արցախի 120 հազար բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ և հումանիտար աղետի շեմին է: Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը իր ստանդարտ կոչերի փոխարեն գործուն քայլեր ձեռնարկի, որովհետև մարդու իրավունքների հումանիտար խնդիրների մասին է խոսքը և ոչ թե քաղաքական», - ասաց Առաքելյանը:

Քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի դիվանագիտական ներկայացուցչություններ։ Պահանջում էին միջազգային հանրության հասցեական արձագանքը, դատապարտումն ու գործուն քայլերը՝ Ադրբեջանին զսպելու համար։

Սկզբում ՄԱԿ-ի գրասենյակի առջև հավաքվեցին։ Տեղում նաև Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն էին։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը իրենց ուշադրությունը սևեռել Հայաստանի և Արցախի վրա, որ հնարավոր չէ 21-րդ դարում ապրել շրջափակման մեջ: Շուրջ 120 հազար արցախահայություն այսօր զրկված է իր հիմնարար իրավունքից, կյանքի իրավունքից: Այսօր իմ ծնողները, իմ հարազատները ամբողջ արցախահայությունը շրջափակման մեջ է, շուրջ 120 համար մարդ զրկված է պարենից, սննդամթերքից, դեղորայքի մատակարարումից», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցները նամակներ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակին, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Միացյալ նահանգների դեսպանատներին։ Հույսը չեն կորցնում՝ միջազգային հանրությունը կարձագանքի ու քայլեր կձեռնարկի։

XS
SM
MD
LG