Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։
Նամակում, ըստ Արցախի ԱԳՆ-ի, նշվում է, որ «Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք»։
«Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանը չի հարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որը երաշխավորում է բոլորի, այդ թվում՝ հակամարտության գոտում բնակվող անձանց ապրելու, ազատ տեղաշարժվելու և անվտանգության իրավունքի պաշտպանությունը։
Այդ համատեքստում կոչ է արվում կիրառել Եվրոպայի խորհրդի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը, Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելություն ուղարկել տվյալ տարածք՝ կանխելու Կոնվենցիայի հետագա խախտումները, կասեցնել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչության իրավունքները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 3-րդ հոդվածի խախտման պատճառով», - նշված է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Գրության պատճեններն ի գիտություն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։
Արդեն մեկ օր է փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։