Երեկ սահմանին վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, այս պահին նա հոսպիտալում է, «Ազատությանը» տեղեկացրեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ չհաղորդելով, թե մասնավորապես ինչ վիրավորում է ստացել։
«Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը հոսպիտալում ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց Թորոսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ՊՆ-ը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊԲԱդրբեջանցիները երեկ հրադադարը խախտել են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հետ սահմանին։ Ընդ որում, Հայաստանի ՊՆ փոխանցմամբ՝ հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացվել երկու անգամ՝ օրվա երկրորդ կեսին, որի ժամանակ էլ զինծառայողը վիրավորվել է, և երեկոյան 23-ից հետո։ Երկու դեպքում էլ կրակի տակ են եղել արևելյան դիրքերը, բայց ռազմական գերատեսչությունը տեղանքը չի կոնկրետացնում։ Երեկոյան, Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հակառակորդը կիրառել է նաև ականանետ:
«Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - նշեց ՊՆ խոսնակը:
Բաքուն էլ հայկական կողմին է մեղադրել երեկ երեկոյան և գիշերը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։ Իսկ Արցախում, ՊԲ-ի հաղորդագրության համաձայն, հրադադարը խախտվել է շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Ստեփանակերտից հերքել են Բաքվի հայտարարությունը, թե ՊԲ-ը երեկ կրակել է Ասկերանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերին։
Միջազգային հանրությունը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում շարունակել երկխոսությունը
Մինչ սահմանային իրավիճակի լարման պատճառով վերջին երկու օրում հայկական կողը երեք վիրավոր ունի, կողմերն էլ միմյանց են մեղադրում, միջազգային հանրությունը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում շարունակել երկխոսությունը։
Բաքվից Երևան ուղևորվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն է տեսաուղերձ տարածել. «Պետքարտուղար Բլինքենը հավատում է խաղաղության հեռանկարին և Հարավային կովկասի ներուժին: Նա ինձ խնդրել է այս շաբաթ տարածաշրջան վերադառնալ: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը և կոչ է անում շարունակել այս ջանքերը նաև հաջորդ տարի»:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը հայտարարել է՝ Միացյալ Նահանգները շարունակում է ուղիներ փնտրել առաջնորդների և երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև նոր հանդիպում կազմակերպելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հետագա բանակցությունների համար միջնորդ և հարթակ է փնտրում«Մեր նպատակը պարզ է՝ մենք կցանկանայինք տեսնել սահմանը որքան հնարավոր է շուտ սահմանազատված, մենք կցանկանայինք տեսնել խաղաղության համաձայնագիրը երկու կողմերի միջև որքան հնարավոր է շուտ, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:
Չնայած այս կոչերին, ոչ առաջնորդների, ոչ էլ արտգործնախարարների հանդիպման մասին չի հայտարարվել։
Ադրբեջանի նախագահն անցած շաբաթ հայտարարեց դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը չեղարկելու մասին. դեմ էր Ֆրանսիայի միջնորդությանը։
Այսօր էլ նույն վայրում կգտնվեն, ԵԱՀԿ նախարարական համաժողովին կմասնակցեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Բայց «Ազատության» տեղեկություններով՝ Արարատ Միրզոյան- Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսված չէ, չնայած հենց նրանք էին մոտ մեկ ամիս առաջ Վաշինգտոնում պայմանավորվել ակտիվացնել շփումները։
Քաղաքագետը չի բացառում նոր էսկալացիայի հավանականությունը
Քաղաքական և ռազմական վերլուծությունների Stratfor ամերիկյան կենտրոնն, օրինակ, կարծում է՝ հայ-ադրբեջանական բանակցությունները «կանգ են առել»։ Հայաստանցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն Բաքվի քայլերին հետևելով չի բացառում նոր էսկալացիայի հավանականությունը: «Ադրբեջանն իր վերջնագրերն է ուզում կյանքի կոչել, ոչ թե բանակցել», - կարծում է Գրիգորյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Stratfor. Բրյուսելում հանդիպման չեղարկումը վտանգում է խաղաղությունը«Նույնիսկ այս իշխանությունները, որոնք անընդհատ գնում են զիջումների, անընդհատ հրաժարվում են սեփական պատկերացումներից, նույնիսկ այս իշխանությունները չեն կարողանում բավարարել Ադրբեջանի մաքսիմալիստական պատկերացումները տարբեր գործընթացների վերաբերյալ: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցն է, տեսնում ենք, որ դելիմիտացիայի գործում մաքսիմալիստական մոտեցում է ցուցաբերում Բաքուն, ապաշրջափակման գործընթացում: Այսինքն՝ քանի դեռ Հայաստանը չի կատարում Ադրբեջանի վերջնագրերը, էսկալացիայի վտանգը միշտ էլ գոյություն ունենալու է: Սրա լուծումն, իհարկե, Հայաստանի զինված ուժերի կարողությունների վերականգնումն է, որովհետև այսպես կոչված խաղաղության պայմանագիրը նույնիսկ եթե ստորագրվի, Ադրբեջանը շարունակելու է ուժային ճնշման միջոցում արդեն այլ օրակարգերով զիջումներ կորզել Հայաստանից», - նշեց քաղաքագետը:
Հայ - ադրբեջանական սահմանին կամ Լեռնային Ղարաբաղում արյունալի նոր միջադեպերի հավանականությունը նաև միջազգային փորձագետները չեն բացառում։