Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ըստ հաղորդման՝ հայկական կողմը կորուստներ չունի:
Առավոտյան՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, նշում է ռազմական գերատեսչությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն են երեկ երեկոյան սկսել գնդակոծել ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի շրջանի ուղղությամբ, Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներն էլ երեկոյան և գիշերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Շուշիի, Մարտունու, Խոջալուի և Ֆիզուլիի շրջանների ուղղություններով:
Պաշտպանության բանակը հակադարձում է. - «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»:
Երեկ ևս Երևանը հաղորդեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ Հայաստանին մեղադրեց իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու համար։
Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար մեղադրում է և՛ Հայաստանին, և՛ Արցախին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Երևանն և Ստեփանակերտը ապատեղեկատվություն են որակում ադրբեջանական հաղորդումները։
Երեկ երեկոյան Ստեփանակերտը հայտնեց, որ ադրբեջանական կողմը արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի պաշտպանության նախարարության երկու զինծառայող։