Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայությունից կանցնի վարչապետ Փաշինյանի ուղիղ ենթակայության տակ․ Կառավարության նիստում երեկ հաստատվեց նախագիծը։
Պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու կարևորագույն կառույցների պաշտպանությունը վարչապետի ղեկավարման ներքո տեղափոխելը, ըստ Փաշինյանի բացատրության, Ազգային անվտանգության ծառայության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով է։
«Շատ կարևոր բարեփոխում եմ համարում, այո՛, Պետական պահպանության ծառայությունը դառնում է վարչապետին ենթակա մարմին։ Եկել ենք եզրակացության, որ արժի այսպիսի փոփոխություն անել, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությանն իր բուն գործառույթների վրա կենտրոնացնելու հնարավորություն տալով», - ասաց գործադիրի ղեկավարը։
Այս նախագիծն ավելի ուշ կքննարկվի խորհրդարանում և միայն այստեղ ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատում է կառավարության այս փոփոխությունը։ Այսպիսով, Փաշինյանը փորձում է ուժային կառույցները կենտրոնացնել իր ձեռքում, ասում է Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամը։
«Պարզապես Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմություն եղած ժամանակ, երբ որ քննադատում էր իշխանություններին, մեղադրում էր իշխանության գերկենտրոնացման մեջ, շատ ավելի առաջ գնացած՝ ուղղակի ամբարտավան ձևով շարունակում է ուժային կառույցները կենտրոնացնել իր ձեռքում», - ասաց Մանուկյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս փոփոխությունից հետո ԱԱԾ-ն պետք է կենտրոնացած աշխատի երեք ուղղությամբ՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար ու Սահմանադրական կարգի պահպանություն։
«Այս երեք գործառույթների առումով Ազգային անվտանգության ծառայությունը պետք է շատ լուրջ կարողություններ ունենա», - ասաց վարչապետը։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ անվտանգության ծառայությունը ծանրաբեռնվել է Փաշինյանի հանձնարարությունների պատճառով, որոնք այս կառույցի գործառույթը չեն։
«ԱԱԾ-ն բեռնաթափելու համար անցնող տարիներին Նիկոլ Փաշինյանը հանձնարարություններ որ չտար՝ սատանաներ փնտրելու, ՀԴՄ կտրոններ ստուգելու, ԱԱԾ-ն 30 տարվա փորձով ի վիճակի էր ամբողջ իր գործառույթներն իրականացնել», - ասաց Մանուկյանը։
Այս նախագծով նախատեսվում է սահմանափակել պաշտոնաթող ղեկավարների պետական պահպանության ժամկետը։ Այժմ պաշտոնաթող նախագահների անվտանգության պաշտպանությունը ցմահ է։ Իսկ փոփոխությունից հետո՝ նախագահինը կդառնա յոթ տարի, վարչապետինը՝ տասը տարի ժամկետով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՊԾ-ն վարչապետի ենթակա մարմին դարձնելու նախագիծը խոսում է ԱԱԾ-ին չվստահելու մասին և հետքայլ է. գնահատականներ