Վարչապետ Փաշինյանը ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին էլ վստահեց ոլորտների ղեկը: Արման Սարգսյանը նշանակվեց ոստիկանապետի պաշտոնում, Էդուարդ Մարտիրոսյանը` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի:
Հեղափոխությունից հետո այս կառույցներում երկրորդ անգամ է ղեկավար փոխվում:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այս նշանակումներով առանձնապես ոգևորված չէ: Անձերը, նրա խոսքով, ոչինչ չեն փոխի, քանի դեռ համակարգում նախկին փիլիսոփայությունն է. – «Ամենափայլուն, ամենաբացառիկ մարդուն, ամենավստահելի, հեղինակություն ունեցող մարդուն էլ անգամ որ նշանակեն, հավատացեք, ոչինչ չի փոխվելու: Որովհետև իրականում անհրաժեշտ են ազդակներ: Այդ ազդակները չկան ուղղակի»:
Կարապետյանցի կարծիքով, այդ ազդակներն իշխանությունից պետք է ստանան, խորքային ծրագրեր, փոփոխություններ վերից վար` հստակ ժամկետներով: Իրավապաշտպանն այդպիսի քայլեր չի նկատում: Այդ դեպքում Օսիպյանն է թե Սարգսյանը, Վանեցյանը թե Մարտիրոսյանը, էական չէ. – «30 տարի այդ բոլոր համակարգերը ծառայել են օրվա իշխանությանը: Այսօր հույս ունենալ, որ իրենք ինքնագիտակցութամբ կամ փոքր, չնչին, նվազ, թույլ գործոններով կփոխվեն, ես չունեմ էդպիսի ակնկալիք»:
Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոսյանը ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվեցին անցած տարվա սեպտեմբերին Վալերի Օսիպյանի և Արթուր Վանեցյանի պատշոնակություններից հետո:
Կարապետյանցի խոսքով, անցած վեցամսվա պաշտոնավարման փուլում ինքը դրական փոփոխությունների միտում չի նկատել և այսուհետ էլ կտրուկ փոփոխությունների սպասելիք չունի. – «Բոլոր ժամանակներում իրավապահ մարմինները, ուժային կառույցները տերեր են փնտրել, իրենք այլ աշխատելու ոճ չգիտեն ուղղակի: Իրենց պետք է սովորեցնել, իրենց պետք է վերապատրաստել: Բայց այդ ձևական ռազմավարություն կոչվողներից, որ ոստիկանության վերաբերյալ կարծես թե սկսել են աշխատել դրա վրա, ԱԱԾ-ի մասով առհասարակ ոչինչ չունենք... Իրականում, ես կարծում եմ, որ շատ լուրջ խորքային փոփոխություններ և շատ լուրջ խորքային ծրագրեր են անհրաժեշտ»:
Նոր նշանակումների վերաբերյալ դրական է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքը: Ժամանակավոր պաշտոնավարման փուլում խմբակցությունը թե' ոստիկանապետի, թե' ԱԱԾ տնօրենի հետ հանդիպել է: Պատմավորների ու ուժային կառույցների ղեկավարների համագործակցությունը ստացվել է. – «Ինչ հարցով որ դիմել ենք, արագ արձագանք ա էղել: Օրինակ, մեզ դիմել ա քաղաքացի, մեզ դիմել են ինչ-որ խնդրի հետ կապված, մենք դիմել ենք, արագ արձագանք էղել ա: Համագործակցությունը էս առումով բարձր մակարդակի վրա ա: Նաև մենք տարին սկսել ենք անվտանգության սեկտորի ղեկավար կազմերի հետ հանդիպումներով: Բնակաբար, բազմաթիվ բացթողումներ, թերություններ կան երկու համակարգերում էլ: Եվ ռեֆորմների իրականացման շատ մեծ տեղ: Բայց այդ ռեֆորմները չէին կարող իրականացվել ժամանակավոր պաշտոնակատարների ժամանակաշրջանում»:
Ոստիկանության և ԱԱԾ ոլորտներում համակարգային փոփոխությունների առաջարկներ ներկայացրել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Դրանք քննարկվում են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում:
«Ես ակնկալում եմ, որ առաջինը պետք է համակարգերը մաքրվեն այն մարդկանցից, ովքեր, իշխանության խոսքերով` սաբոտաժ են անում, կոնկրետ պիտի ցույց տան ով ա սաբոտաժ անողը: Պիտի լինեն պրոֆեսիոնալ, ապաքաղաքական և անդադար լինեն քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության ներքո: Այսօր այդ վերահսկողությունը շատ թույլ մակարդակի վրա է, որը կախված է նախկին ռեժիմից ժառանգած համակարգով»:
Նորանշանակ պաշտոնյաներին այսօր ընդունել է վարչապետ Փաշինյանը և պահանջել դուրս լինել խմբային նեղ շահերից ու կոռուպցիայից: Ֆեյսբուքյան իր էջում էլ պարզաբանել է, թե ինչու է նրանց թեկնածության վրա կանգ առել. – «Նրանք չեն փորձում քողարկել ու թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են իրենց ոլորտներում: Դա վստահություն է ներշնչում, որ նրանք հետևողական կլինեն խնդիրները լուծելու գործում»: