Մատչելիության հղումներ

Տեսել ենք՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը քաղաքական մարմիններ դառնալով ինչ հետևանքներ են ունենում․ իշխանական պատգամավոր


Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը խորհրդարանում այսօր դարձյալ կրքեր բորբոքեց:

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

20-օրյա ընդմիջումից հետո նախագիծը քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ: Ընդդիմությունը դարձյալ դժգոհ էր:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիրքորոշումը չի փոխվել․ - «ԱԱԾ-ն պիտի դառնա նախարարություն, պիտի չունենա քննչական մարմին և պետք է լինի խորհրդարանական վերահսկողության ներքո: Մենք կոսմետիկ բաներով չենք զբաղվելու: Եթե ուզում եք խնդիրը թաղեք հանձնաժողովներ ստեղծելով, մենք ոչ մի հանձնաժողով, որը միտված ա խնդիրը թաղելուն չենք միանալու, չենք լեգիտիմացնելու էդ ձևի հանձնաժողովները: Նիկոլ Փաշինյանը խոստում ա տվել, ինչի՞ չեք կատարում Նիկոլ Փաշինյանի խոստումը: Ասել ա՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք ա դառնան նախարարություններ»:

Փաշինյանի գլխավորած կառավարության մտափոխվելու դրդապատճառը մեկնաբանեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Ուժային կառույցներին նախարարության կարգավիճակ տալը, նրա խոսքով, հղի է քաղաքական հետևանքներով:

Գայանե Աբրահամյան
Գայանե Աբրահամյան

Իշխանության ներկայացուցիչը Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը օրինակ բերեց․ - «Տեսել ենք, թե ասենք Ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն, քաղաքական մարմիններ դառնալով, ինչ հետևանքներ են ունենում քաղաքական ընդհանուր միջավայրի վրա: Հիշում ենք շատ լավ, թե ինչ ճանապարհ է անցել Սերժ Սարգսյանը․ սկզբում լինելով Ազգային անվտանգության նախարար, հետո 96-ին՝ Ներքին գործերի նախարար՝ իր վերահսկողության տակ միավորելով ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, իսկ հետո՝ արդեն Պաշտպանության նախարար, վարչապետ, նախագահ: Սա է եղել հիմնական տրամպլինը: Ժողովրդավարական ինստիտուտների չկայացած համակարգերում քաղաքական, կուսակցական միջավայրի բացակայության պարագայում ուժային կառույցները դառնում են այն հիմնական գործիքը ոչ միայն մանիպուլյացնելու ողջ քաղաքական դաշտը՝ ապահովելով նաև քաղաքական առաջխաղացում վարչական ռեսուրսի չարաշահման կամ կիրառման՝ նույն այդ կառույցներում ձեռք բերված տեղեկատվությունը որպես մահակ գործածելով»:

Մարուքյանն անմիջապես հակադարձեց․ - «Ախր էդ վտանգները հիմա ձեզ են սպառնում»:

Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախարարությունների միավորմանն է դեմ: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը թերահավատ է, թե գործող կառավարությունում կգտնվեն մի քանի միավորված գերատեսչություն ղեկավարելու կարողություն ունեցող պաշտոնյաներ․ - «Սուպերնախարարությունների այս մոդելը տապալվելու է միանշանակ: Եթե դուք Մշակույթի նախարարությունը միացնեիք զբոսաշրջության հետ, և լիներ, օրինակ, Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն, ես այդտեղ կտեսնեի տրամաբանություն: Բայց այս սիմբիոզը՝ գիտություն, կրթություն, սպորտ, երիտասարդություն, մշակույթ․ այստեղ չկա որևէ տրամաբանություն: Ես չեմ հավատում մեր կառավարությունում Բոնապարտների գոյությանը, որոնք կարող են էդպիսի ունակություններ ունենալ՝ համակարգելու նման մոնստր կառույցներ»:

Էդմոն Մարուքյան․ - «Լուսավոր Հայաստան խմբակցությունը դեմ է այս կառուցվածքին: Մենք գտնում ենք, որ այս կառուցվածքը շատ վատ հետևանքներ է ունենալու»:

Նախագծի քննարկումն ավարտվեց: Այն քվեարկության կդրվի վաղը: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից կրկին հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու:

Օրինագծի ընդունվելու դեպքում հինգ նախարարություն կկրճատվի, նախկին 17-ի փոխարեն կգործի12-ը: Երեք փոխվարչապետի պաշտոնից երկուսը կմնա: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG