Մատչելիության հղումներ

ՊՊԾ-ն վարչապետի ենթակա մարմին դարձնելու նախագիծը խոսում է ԱԱԾ-ին չվստահելու մասին և հետքայլ է. գնահատականներ


Վարչապետի աշխատակազմը մշակել և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրել է նոր նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից և այն ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում։

Ծառայությունը, որն ապահովում է պետական պաշտպանության ենթակա անձանց, շենք-շինությունների անվտանգությունը, ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ:

Նախագծում որպես հիմնավորում նշվում է.

«Պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, որի գործառույթների իրացման գործընթացում թեև Ազգային անվտանգության ծառայության աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն «պայմանավորված» չէ Ազգային անվտանգության ծառայության մասնակցությամբ, և հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաև պետական մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում: Ավելին, պետական պահպանության ծառայության որոշակի ինքնուրույնության արտացոլումն է նաև վարչապետի անմիջական մասնակցությունը նրա ղեկավար կազմի ձևավորման հարցում՝ ծառայության ղեկավարը նշանակվում և ազատվում է հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ:

Կարևորելով ծառայության գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը և նկատի ունենալով, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է այն ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում»:

Այժմ վարչապետին ենթակա երեք մարմին կա՝ Ոստիկանությունը, Պետական վերահսկողական ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայությունը, որի կազմում էլ ներառված է պետական պահպանության ծառայությունը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է՝ այս նախագիծը խոսում է Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ ունեցած անվստահության մասին։

«Ակնհայտ էր, որ վարչապետը փորձում է նորից իր ենթակայության տակ բերել այն կառույցները, որոնց կվստահի, իսկ սա ինքնաբերաբար նշանակում է, որ ինքը ԱԱԾ-ին չի վստահում այն ծավալով, որ անգամ իր կյանքը վստահելու հարց ունի։ Այս խնդիրը մենք բարձրացրել ենք դեռևս հեղափոխությունից անմիջապես հետո և ասում էինք, որ բարեփոխելու խնդիր կա, այդ թվում` ԱԱԾ-ում: Մեր առաջարկները չընդունվեցին, ավելին` վարչապետը համարեց, որ կարելի է շնորհակալություն հայտնել, ու ձևակերպեց միտքն այսպես, որ ԱԱԾ-ն երբեք կարմիր գծերը չի հատել: Դա, մեղմ ասած, անհասկանալի էր: Հիմա պարզվում է, որ այնուամենայնիվ, հատել է», - նշում է իրավապաշտպանը:

Ընդդիմության ներկայացուցիչների կողմից պարբերաբար բռնության կոչեր ու բացահայտ հայտարարություններ են արվում սպառնալիքի տեսքով, օդում կախված է ֆիզիկական հաշվեհարդարի և ֆիզիկական բռնության վտանգը, այլ կերպ ասած` այս նախագիծը ուղիղ արձագանքն է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, սա էլ քաղաքագետ Արեգ Քոչինյանի տեսակետն է։

«Ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ այսպիսի կառույցները, որպես կանոն, որևէ այլ կառույցի մեջ չեն էլ մտնում: Միացյալ Նահանգներում դա գաղտնի ծառայությունն է, Ռուսաստանում դա FSO (Federal Protective Service-խմբ.) է, այսինքն` սրանք առանձին կառույցներ են, որոնք ուղիղ ենթակայության տակ են պետության թիվ մեկ պաշտոնյային, միջազգային փորձի տեսանկյունից սա նորմալ է: Ընկալելի է նաև, թե ինչու է արվում սա` հաշվի առնելով ճգնաժամը, որում մենք գտնվում ենք», - նկատում է քաղաքագետը։

Նախագիծն ընդունելու դեպքում փաստացի ստեղծվում է նոր ուժային կառույց, ընդգծում է Արեգ Քոչինյանը, ինչը նա հետքայլ է որակում այն սկզբունքներից ու հայտարարություններից, որ անում էր իշխանությունը ընտրվելու ժամանակ՝ խոստանալով պետական համակարգի կրճատում.

«Մենք մինչև այսօր փաստացի ռեալ կրճատում չենք ունեցել, որովհետև այո, նախարարությունների թիվը կրճատվել է, բայց անձնակազմի թիվը, ըստ էության, միայն ավելացել է։ Եվ էլ ավելին, հիմա մենք ստեղծում ենք փաստորեն նոր ուժային կառույց, որը, բնականաբար, ենթադրելու է պետ, տեղակալներ, օգնականներ, քարտուղարուհիներ, վարորդներ, այն ամենը, ինչ բնորոշ է ընդհանրապես Հայաստանի պետական կառավարման համակարգում որևէ առանձին կառույցի», - ասում է նա:

Նախագիծը հանրային քննարկման համար բաց է լինելու մինչև մարտի 19-ը, որից հետո անհրաժեշտության դեպքում փոփոխություններից ու լրամշակումից հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։ Փոփոխությունները մշակած վարչապետի աշխատակազմից, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունից նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ չտվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG