Մատչելիության հղումներ

«Քանի դեռ օրինազանց ոստիկաններն անպատիժ են, Ներքին գործերի նախարարությունում էլ նրանց կերպարը չի փոխվի»


Խորհրդարանական լսումներ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու հարցով
Խորհրդարանական լսումներ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու հարցով

Իշխանականների հիմնավորումները, թե Ներքին գործերի նախարարություն են ստեղծում, որ բարեփոխեն ոստիկանությունը, համոզիչ չէ, ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իմ տպավորությամբ, իշխանությունը փորձում է տարբեր մարդկանց համար տարբեր պաշտոններ, տարբեր կառույցներ ստեղծել և դրանք ըստ նպատակահարմարության կիրառել», - հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Ոստիկանությունը բարեփոխելու կամք ունեցող իշխանությունը անպատիժ չէր թողնի ցուցարարներին հարվածող ոստիկաններին, շեշտում է Աբրահամյանը։ Տեսանյութեր կան, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին, բայց մինչև հիմա որեւէ մեկը չի պատժվել։

Եթե ոստիկանությունը դառնա ներքին գործերի նախարարության մաս, ի՞նչը կփոխվի, հարցնում է պատգամավորը. - «Եթե ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառում, եթե ոստիկանները քաղաքացիներին վիրավորում են, բայց ոչ միայն չեն պատժվում, անհրաժեշտ միջոցառումներ չեն գործադրվում, ավելին՝ նրանք մի բան էլ ծառայողական առաջխաղացում են ունենում, ապա էս պայմաններում անունը կդնես ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն թե մեկ այլ բան, դրանից ոստիկանի կերպարը չի փոխվի»։

Իշխող ուժը երեկ խորհրդարանում լսումներ էր կազմակերպել Ներքին գործերի նախարարություն ստեղծելու թեմայով։ Ընդդիմադիր խմբակցությունների չէին մասնակցում։ Թե' գործադիրի անդամները, թե' իշխանական պատգամավորները հիմնավորում էին, որ այս փոփոխությամբ ոստիկանության նկատմամբ քաղաքացու վստահությունը կբարձրանա։

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց. - «Ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների կարևոր սկզբունքներից մեկն է, իսկ ՆԳՆ ստեղծման ճանապարհով ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, այլև կնպաստենք դրա թափանցիկ գործելաոճին և հաշվետվողականության ավելացմանը»։

Նոր նախարարությունում միավորվելու են երեք կառույց՝ Ոստիկանությունը, Փրկարար ու Միգրացիոն ծառայությունները։ Հիմա Ոստիկանությունը կառավարությանն առընթեր մարմին է, ղեկավարը՝ ապակուսակցական, իսկ նախարարությունը կդառնա կառավարության մաս։ Ղեկավարն էլ կարող է լինել կուսակցական։ Նախագծի նախնական տարբերակով, ոստիկանապետն ու փրկարար ծառայության պետերը նախարարի տեղակալների կարգավիճակ կունենան։

«Մի կողմից ասում են՝ ուզում ենք չքաղաքականացնել, ապաքաղաքական կառույց սարքենք, բայց Ներքին գործերի նախարարը լինելու է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ։ Ներքին գործերի նախարարի տեղակալները համապատասխան օրենքով քաղաքական պաշտոններ են», - նշում է Տիգրան Աբրահամյանը։

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ներքին գործերի նախարաությունը կարևորում էր ժողովրդավարության տեսանկյունից. - «Համոզված ենք, որ նաև հանրային վերահսկողությունը Ներքին գործերի նախարարության նկատմամբ այդ նշանակությունը նաև ունի, նաև մեզ հնարավորություն է տալու ոլորտում արդյունավետությունը բարձրացնելու համար»։

Ընդդիմադիր պատգամավորը հակադարձում է՝ վերջին հանրահավաքների օրերին ընդդիմադիր գործիչները հանդիպել էին ոստիկանապետին ու պահանջել պատժել ցուցարարներին բռնության ենթարկած ոստիկաններին։

Ոստիկանապետը խոստացել էր ընթացք տալ, բայց ոչինչ չեղավ, ասում է Տիգրան Աբրահամյանը՝ հարցնելով՝ նախարարության կարգավիճակի բացակայությո՞ւնն էր խանգարում ոստիկանապետին պատժել օրինազանցներին. - «Ասում են իրենք՝ հաշվետվողականությունն ա մեծանալու և այլն, և այլն։ Եթե նույն պաշտոնատար անձին, լինի նախարարի, ծառայության պետի կարգավիճակով, դեմ-դիմաց հանդիպում, ներկայացնում են իր ղեկավարած կառույցի ապօրինությունները, ու դրան որևէ բան չի հետևում, ապա այդ դեպքում նա կլինի նախարարի կարգավիճակով, թե կունենա մեկ այլ կարգավիճակ, դրանից որևէ բան չի փոխվելու»։

Ներքին գործերի նախարարություն եղել է նաև 90-ականներին, Ոստիկանություն դարձավ Ռոբերտ Քոչարյանի օրոք 2002 թվականից։ Նոր նախարարություն ստեղծելու օրենսդրական նախագիծն արդեն կա, աշնանը կքննարկվի Ազգային ժողովում։

XS
SM
MD
LG