Մատչելիության հղումներ

Հայաստանում վերստեղծվելու է Ներքին գործերի նախարարությունը


Հայաստանում վերստեղծվելու է Ներքին գործերի նախարարությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00

Հայաստանում վերստեղծելու է ներքին գործերի նախարարությունը, այսօր Ջերմուկում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», վարչապետը, մասնավորապես ասել է.- «Մենք պետք է աստիճանաբար օպտիմիզացնենք կառավարման համակարգը, որովհետև 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է, քայլեր ենք կատարելու դրանց վերամիավորման համար: Դա արդյունավետ է մի քանի առումներով՝ վարչարարության, ֆինանսական միջոցների տնտեսման, և, ամենակարևորը, աշխատանքի արդյունավետության: Եվ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում: Դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, դա ճիշտ է, արդյունավետ է, և դա է ցույց տալիս աշխարհի փորձը»:

Կառավարության կառուցվածքային փոփոխությունները, փաստորեն, շարունակվելու են: Երեկ գործադիրի նիստում որոշվեց Ազգային ժողովին ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ վերաբերյալ մի նախագիծ, ըստ որի միավորվելու են Տարածքային կառավարման ու Արտակարգ իրավիճակների նախարարությունները, և ստեղծվելու է նոր նախարարություն՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների:

Հայաստանում ներքին գործերի նախարարությունը գործել է մինչև 2002 թվականը, որից հետո իրավապահ այդ մարմինը կոչվեց Ոստիկանություն: 2013-ին՝ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերընտրվելուց հետո մամուլը գրեց, որ հնարավոր է նոր կառավարությունում Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայություն միավորվեն, ինչպես 1990-ականներին: Այն ժամանակ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը:

«Ազատության» հետ զրույցում ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, անդրադառնալով վարչապետի խոսքերին, թե ՆԳՆ-ի մեջ «կմտնեն բազմաթիվ ծառայություններ», չբացառեց, որ խոսքը գնում է Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի մասին:

«Ներքին գործերի նախարարությունը իր կարգավիճակով շատ ավելի բարձր է պետական կառավարման հիերարխիայում, քան ոստիկանությունը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը:

Աբրահամյանը անլուրջ համարեց վարչապետի այն հիմնավորումը, ըստ որի ներքին գործերի նախարարություն է ստեղծվում նաև այն պատճառով, որ նպատակ կա տնտեսել ֆինանսական միջոցները և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

«Երբ ես ՆԳՆ-ում էի, ՆԳՆ-ն էսօրվա ոստիկանության քառակին, հնգակին էր իր կազմով ու ծախսերով։ Այն, ինչ որ մաքսայինն ու հարկայինը տարան ֆինանսների նախարարության հետ միացրեցրին, մի ահռելի մոնստր նախարարություն սարքեցին էլի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար, բայց դե հո մենք գիտենք, որ դա անձի հետ կապված խնդիր էր ընդամենը»,- ասաց Աբրահամյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նոր սուպերնախարարություն ստեղծելու իշխանությունների ծրագրերը այսպես մեկնաբանեց.- «Մի բան ակնհայտ է, որ հայաստանյան իշխանությունները փաստորեն իրենց ողջ հույսը փորձում են դնել ներքին գործերի ծառայությունների վրա, այսինքն իրենք գնում են ոչ թե այն ճանապարհով, որ ժողովրդի վստահությունը ձեռք բերեն և շարունակեն իրենց պաշտոնավարումը, այլ ուժային լծակների միջոցով կարողանան դա շարունակել»։

XS
SM
MD
LG