Մատչելիության հղումներ

«Մենք նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ». Մակունց


«Մենք նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները՝ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) դարձնել քաղաքական կառույցներ», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Նպատակահարմար չենք համարում՝ հաշվի առնելով թե՛ մեր, թե՛ տարբեր երկրների փորձով որոշ մտահոգություններ, որոնք կարող են այդ կառույցներն առաջացնել որպես քաղաքական մարմիններ այս պահին, միգուցե հետագայում քննարկենք և հասկանանք, որ նման խնդիր չկա», - ասաց Մակունցը։

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ հարցնելով. - «Ինչո՞ւ վարչապետի խոստումը չեք կատարել այս նախագծով։ Իսկ վարչապետն այս ամբիոնից ասել է՝ «ես գտնում եմ, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դառնալու են նախարարություններ», հետևաբար մտնելու են Կառավարության կառուցվածք։ Հիմա ասեք՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խոստումը չեք կատարում և ի՞նչն է պատճառը, որ հեղափոխությունից մեկ տարի անց չեք կողմնորոշվում, թե ինչպես է պետք մեր կառավարման համակարգը դարձնել բաց, ժողովրդավարական և հաշվետու, ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանի կոստյումը հագել»։

Մարուքյանի պնդմամբ՝ «սա Սերժ Սարգսյանի կոստյումն ա՝ սուպերվարչապետական համակարգ ա»։

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագծով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:

Այս համակարգը նախկին ընդդիմությունը բնութագրում էր սուպերվարչապետական: Ավելին՝ մեկ տարի առաջ հենց Նիկոլ Փաշինյանն էր պնդել, որ պետք է փոխվի այդ կառույցների կարգավիճակը: «Սուպերվարչապետական համակարգ պետք է չլինի, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ», - նշել էր վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG