Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիս։
Վարչապետը Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին:
Հայաստանը գագաթնաժողովի նախագահությունը կփոխանցի Թունիսին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակում Փաշինյանը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ:
Ջերբայում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Հայաստանը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, որ նոյեմբերի 19-ին կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելով Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին և աշխատել տարածաշրջանում քաղաքական լուծման հասնելու համար, որը թույլ կտա երկարատև խաղաղություն հաստատել:
Թունիսում է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին նա բարձրաձայնել է Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ անցած տարվա մայիսից սկսած, ապա այս տարվա սեպտեմբերի 13-14-ին շարունակված Ադրբեջանի ագրեսիայի հարցը:
Լարվածությունն այսօր էլ պահպանվում է Ադրբեջանի հետ սահմանին, շեշտել է Միրզոյանը՝ հավելելով, որ չնայած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու վերաբերյալ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ։
Բաքուն չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների հետ, ինչպես նաև բանակցություններ վարել «Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ», ով վերջերս նշանակվեց Ղարաբաղի պետնախարար, օրերս հայտարարել էր Ալիևը, քննադատել նաև Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը, որտեղ Հայաստանի վարչապետը պնդել էր, թե Ադրբեջանը ցեղասպանություն է պատրաստում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիի պայմանավորվածություններից 10 օր անց Երևանն ու Բաքուն կոշտ մեղադրանքներ են փոխանակում